Treescale-ի հիմնադիր Տիգրան Բայբուրցյանը
10:54 | 19.05.16 | Հարցազրույցներ | exclusive 30366
Մայիսի 25-26-ը Սիլիկոնյան հովտում կկայանա Silicon Valley Open Doors (SVOD) տեխնոլոգիական ներդրումների կոնֆերանսը, որի շրջանակում ներդրողներին ներկայանալու իրավունք ունեցող (pitching) հայկական միակ ստարտափը Treescale-ն է:
Այն 35 այլ ստարտափների թվում ընտրվել է՝ իր գործունեությունը ներկայացնելու (pitching) Սիլիկոնյան հովտի հրեշտակ ներդրողների եւ վենչուրային հիմնադրամների դատին:
Կոնֆերանսի նախաշեմին Itel.am-ը զրուցել է Treescale-ի հիմնադիր Տիգրան Բայբուրցյանի հետ:
- Ինչպե՞ս ընտրվեցիք SVOD-ին մասնակցելու համար, եւ ինչպիսի՞ հնարավորություններ է այս մասնակցությունը ընձեռում Treescale-ին:
-Անցած տարվա հոկտեմբերին Երեւանում կայացած Գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսի հաղթողներից էինք, որը կազմակերպել էին CRDF Global կազմակերպությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Մրցույթից հետո կազմակերպիչները հաղթողների միջեւ կազմակերպեցին մրցույթ, որի արդյունքում հաղթեցի եւ SVOD-ին մասնակցելու հնարավորություն ստացա:
Կոնֆերանսին ներկա են լինելու 300-ից ավելի հրեշտակ ներդրող եւ վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչ, 800-ից ավելի փորձագետ տեխնոլոգիական ոլորտից, ինչպես նաեւ շուրջ 1000 համաշխարհային ստարտափի հիմնադիր, որոնք այսօր եղանակ են թելադրում ոլորտում եւ զարգացնում համաշխարհային ստարտափ էկոհամակարգը:
Միայն պատկերացրեք, թե ինչ է նշանակում լինել այդ միջավայրում՝ սկսած նոր կապերի հաստատումից մինչեւ հնարավոր ներդրումներ:
Հնարավորություն կունենամ նաեւ 35 այլ նախապես ընտրված թոփ ստարտափների շարքում փիչինգի մասնակցել Սիլիկոնյան հովտի գլխավոր հրեշտակ ներդրողների եւ վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների առջեւ: Հաշվի առնելով, այն, որ արդեն կան մի շարք հետաքրքրված ներդրողներ, սա լավ հնարավորություն է գտնել նոր ներդրողների, որոնք կունենան հատուկ հետաքրքրվածություն:
Զարգացման առաջին շրջանում արդեն ստացել եմ $40 հազ. համաֆինանսավորման դրամաշնորհ ՁԻՀ-ի եւ Համաշխարային բանկի համատեղ ծրագրից եւ $6000՝ CRDF Global կազմակերպությունից, ինչպես նաեւ իրականացրել եմ շուկայի եւ պրոդուկտի գնահատում, ստեղծել եմ միկրոծառայությունների վրա հիմնված ամպային տարածման համակարգի տեխնոլոգիա:
Այսօր ես լիովին գիտակցում եմ, թե որն է լինելու վերջնական լուծումը, ով է թիրախային օգտատերը, եւ ժամանակն է՝ անցնելու ներդրումների ավելի խոշոր ռաունդի, որը կօգնի մեծացնել թիմը եւ ավելացնել լրացուցիչ գործառույթներ: Ժամանակն է նաեւ ստեղծելու վաճառքով զբաղվող փոքր թիմ:
- Որքա՞ն եք գնահատում Treescale-ի շանսերը՝ ամերիկացի ներդրողներին հետաքրքրելու տեսակետից: ԱՄՆ-ն ձեր առաջնայի՞ն շուկան է:
- TreeScale-ն ամպային տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս հեշտ ղեկավարել ամպային միկրոսերվիսները եւ օգտագործելով մաթեմատիկական ծառի ալգորիթմները՝ խնայողաբար օգտագործել ռեսուրսները՝ հասնելու առավելագույն արդյունավետության։
Ակնկալվում է, որ մինչեւ 2018թ. շուկան կաճի մինչեւ $200 մլրդ. զարգացումը շատ արագ է ընթանում: Միայն վերջին 3 տարիների ընթացքում հանրային ամպային համակարգեր (public cloud services) օգտագործողների 35%-ը սկսել է օգտագործել Treescale-ի առաջարկած լուծման նմանությամբ լուծումներ:
Ամերիկյան շուկայում նմանատիպ նոր լուծումների՝ հաջողության հասնելու հավանականությունը բավական բարձր է: Դա նշանակում է, որ կարիք չկա ընկերություններին համոզել. նրանք արդեն իսկ կարիք ունեն լավ լուծման, եւ հասկանում են, որ դա կլուծի իրենց խնդիրները, հետեւաբար՝ համեմատաբար ավելի հեշտ է վաճառք իրականացնել ամերիկյան ընկերությունների շրջանում:
Այս տեսանկյունից հիմա կարեւոր է գտնել հետաքրքրված այլ ներդրողների, որոնք գումարի տրամադրումից բացի՝ կաջակցեն Treescale-ին եւ ընկերությունը կտեղափոխեն զարգացման հաջորդ մակարդակ:
Մենք կապի մեջ ենք Techstars ստարտափ աքսելերատորի մենթորներից մեկի հետ: Նա հետաքրքրված էր Treescale-ում ներդրումներով, սակայն Արցախի շուրջ վերջին զարգացումները նրան ստիպեցին վերանայել այդ գործարքը՝ «ռիսկային երկիր է» արդարացումներով:
Սակայն, միեւնույնն է, ես հիասթափված չեմ, ավելին՝ համոզված եմ, որ ապագայում շատ կլինեն հայկական ստարտափում ներդրումներով հետաքրքրվողներ՝ մասնավորապես՝ հայկական տեխնոլոգիական համայնքի շրջանում:
-Արդեն խոսեցինք, որ SVOD կոնֆերանսին ներկա կլինեն բազմաթիվ վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ: Treescale-ը պատրա՞ստ է արդյոք զարգացման այս փուլում վենչուրային հիմնադրամներից ներդրումներ ներգրավելուն:
- Լավ հարց է, ճիշտն ասած, այս պահին մենք պատրաստ չենք վենչուրային հիմնադրամից ֆինանսավորում ստանալուն, քանի որ դրա համար հարկավոր է ունենալ հաստատուն եւ լավ աճի ցուցանիշ, եւ բացի այդ՝ վենչուրային հիմնադրամները փնտրում են IP-ներ եւ պատենտներ, իսկ ես այսօր չեմ ցանկանում դրանց վրա կենտրոնանալ:
Այնպես որ, SVOD-ի շրջանակում մենք ավելի շատ կփնտրենք ներդրող հրեշտակների, քան վենչուրային կապիտալիստների:
- Գիտենք, որ նախկինում էլ եք այցելել Սիլիկոնյան հովիտ: Որքանո՞վ են կարճատեւ այցերն արդյունավետ փորձի տեսանկյունից:
-Վերջին անգամ Սիլիկոնյան հովիտ այցելել եմ 2015թ. ամռանը եւ այդ ընթացքում հանդիպել մի շարք հիանալի մարդկանց Battery Ventures-ից եւ AME Cloud Ventures-ից, ինչպես նաեւ Cloudera, Docker հայտնի ընկերությունների հիմնադիրներին:
Docker ընկերության հիմնադիր Սոլոմոն Հայքսը ծանոթանում է TreeScale-ի մշակած տեխնոլոգիային
Ինձ համար դա հիանալի փորձ էր: Սովորեցի այն, որ մարդիկ բաց են զրուցելու եւ կարծիք հայտնելու համար: Իսկ դու պետք է բաց լինես՝ նոր կարծիքներ լսելու եւ հասկանալու, թե որքանով են դրանք համապատասխան քո պարագայում:
Հույս ունեմ, որ այս անգամ ավելի կարեւոր բաներ կսովորեմ, ինչպես նաեւ նոր կապեր կհաստատեմ ներդրողների եւ գործընկերների հետ, ինչը կօգնի Treescale-ին հաջորդ քայլն անել եւ մի քանի տարի անց այն դասել հայկական հաջողակ ստարտափների թվում, ինչպիսիք են PicsArt-ը, Teamable-ը, Joomag-ը, Renderforest-ը, Sololearn-ը, Codefights-ը եւ այլն:
Տիգրան Բայբուրցյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը