07:48 | 18.05.16 | Հոդվածներ | exclusive 3073
Գործարկվել է login.am օնլայն հարթակը, որը բազմաբնակարան շենքերի կառավարմանն աջակցող համակարգ է:
Հարթակի հիմնադիր «ՆԻԿԻՏԱ Մոբայլ» ընկերությունից Itel.am-ին հաղորդել են, որ միանալով համակարգին՝ յուրաքանչյուր համատիրություն հնարավորություն կունենա ստեղծել իր կայքը, որի միջոցով մշտական կապի մեջ կլինի բնակիչների հետ, իսկ բնակիչները կունենան իրենց անձնական օնլայն «գրասենյակներն» ու հուզող հարցերը կկարողանան քննարկել համատիրության եւ շենքի մյուս բնակիչների հետ:
Համակարգը համատիրությանը հնարավորություն է տալիս՝
- Ստեղծել եւ կառավարել համատիրության բնակելի միավորները,
- Ստեղծել եւ կառավարել ամսական վճարումների ցուցակը,
- Տեսնել առցանց վճարումները,
- Արագ տեղեկացնել վճարումների եւ պարտքերի մասին,
- Հեշտացնել անմիջական շփումը բնակիչների հետ,
- Ստեղծել ծառայությունները գովազդելու հարթակ,
- Կազմակերպել առցանց քվեարկություններ,
- Հետեւել բնակիչների բողոքներին եւ առաջարկներին:
Ինչ վերաբերում է բնակիչներին, ապա նրանք համակարգի միջոցով կարող են ստանալ կոմունալ ծախսերի պատմությունը, նախորդ եւ ներկա ամիսների հաշվիչի ցուցմունքը, տեսնել առկա պարտքերի եւ կանխավճարի չափը, ինչպես նաեւ առցանց վճարում կատարել:
«ՆԻԿԻՏԱ Մոբայլ»-ում նշել են, որ նոր հարթակի միջոցով համատիրության աշխատակիցները ստիպված չեն լինի տեղեկատվության տարածման համար երկար ժամանակ ծախսել. ցանկացած հայտարարություն կարելի է ուղարկել առցանց, էլփոստով կամ SMS-ի միջոցով ինչպես բոլոր բնակիչներին, այնպես էլ ընտրված խմբի կամ անհատապես:
Համակարգը համատիրությանը նաեւ հնարավորություն է ընձեռում փակ քվեարկության դնել ցանկացած հարց՝ առանց բնակիչներին մեկ տեղում հավաքելու: Բնակիչներն էլ կարող են իրենց հուզող հարցերը հղել առցանց՝ անմիջական կապի մեջ լինելով համատիրության հետ: Բողոքների ու առաջարկների լուծում ստանալուն պես բնակիչներն այդ մասին տեղեկացվում են օնլայն:
Հարթակում հասանելի կլինեն նաեւ համատիրության ընթացիկ ծախսերը: Բնակիչները կկարողանան բաժանորդագրվել իրենց նախընտրած ծառայությանը՝ օրվա ցանկացած ժամի: