12:11 | 16.05.16 | Նորություններ | 2844

IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում է 10 թիմ

IBM ISTC Startup Challenge աքսելերացիոն մրցույթին, որը կազմակերպել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), մասնակցում է 10 թիմ:

Թիմերը ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data եւ ամպային տեխնոլոգիաների ուղղություններով:

ՁԻՀ-ում հայտնել են, որ ապրիլին թիմերի համար իրականացվել են 4 սեմինարներ՝ բիզնես գաղափարի ձեւավորում եւ զարգացում, բիզնես Կանվաս եւ ֆինանսական հիմունքներ, գաղափարի ներկայացում եւ ստարտափի բրենդավորում թեմաներով։

Թիմերից յուրաքանչյուրին տրամադրվում է անհատական մենթորություն հայաստանյան մասնագետների կողմից: Բացի այդ, 3-4 լավագույն թիմերի կտրամադրվի անհատական տեխնիկական մենթորություն IBM Watson Europe մասնագետների կողմից։ Մրցույթը տեւելու է 10 շաբաթ: Հունիսի սկզբին տեղի կունենա DemoDay-ը, որի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց ծրագրերը:

Նշվել է, որ մրցույթի արդյունքում 2 լավագույն թիմեր կստանան $1000 համարժեք դրամական մրցանակ, 1 թիմի էլ կտրամադրվի $120 հազ. համարժեք դրամական մրցանակ` IBM-ի ծառայություններից օգտվելու համար։  Լավագույն թիմերը նաեւ հնարավորություն կստանան շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում, որը շահագործման կհանձնվի հուլիսին:

Հուլիսին կանցկացվի նաեւ IBM Watson Hackathon-ը, իսկ արդեն սեպտեմբերին կկայանա ISTC Startup Acceleration առաջին ծրագիրը: