10:23 | 13.05.16 | Նորություններ | exclusive 71297

Հայ-բրիտանական WICASTR-ը կմասնակցի Intel-ի եւ Cisco-ի համատեղ աքսելերացիոն ծրագրին

Հայ-բրիտանական WICASTR Limited ընկերությունը եվրոպական 12 ստարտափների թվում է, որոնք ընտրվել են մասնակցելու Intel-ի, Deutsches Telekom-ի եւ Cisco-ի համատեղ Challenge Up! IoT աքսելերացիոն ծրագրին:

WICASTR-ը ամպային հարթակ է, որը նպաստում է անլար ցանցերի ստեղծմանը եւ բովանդակության տարածմանն ամենուր՝ առանց տեխնոլոգիական հատուկ հմտությունների:

Լավագույն 12 ստարտափներն ընտրվել են Intel, Cisco եւ Deutsche Telekom ընկերությունների մենթորների կողմից՝ մայիսի 9-ից 11-ը Կրակովում կայացած ընտրական փուլի շրջանակում:

Երկրորդ տարին անցկացվող ծրագիրը նախատեսված է Internet of Things (IoT) լուծումներ առաջարկող ստարտափների համար եւ կտեւի 7 ամիս:

Այն ստարտափները, որոնք հաջողությամբ կավարտեն ծրագիրը, հնարավորություն կունենան համաներդրում ակնկալել կորպորացիաներից, ինչպես նաեւ կստանան աջակցություն իրենց պրոդուկտը կամ ծառայությունը գլոբալ շուկաներում ներկայացնելու եւ այն կոմերցիոն դարձնելու համար:


Challenge Up! IoT աքսելերատորի ծրագրի թոփ 12 ստարտափները

7-ամսյա ծրագրի շրջանակում նախատեսված են ինչպես օնլայն, այնպես էլ դեմ առ դեմ հանդիպումներ Բոննում, Դուբլինում, Լոնդոնում եւ Բեռլինում, որոնց ընթացքում ընտրված թիմերը կաշխատեն իրենց մենթորների հետ համատեղ նախագծերի վրա:

12 համատեղ նախագծերի Դեմո օրը կկայանա նոյեմբերի 29-ին Բեռլինում:


WICASTR Limited-ի հիմնադիր եւ տնօրեն Արմին Սաիդին

WICASTR Limited-ի հիմնադիր եւ տնօրեն Արմին Սաիդին Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ Challenge Up!-ում որպես ֆինալիստ ընտրվելը WICASTR-ի եւ Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություն է:

«Առաջին հերթին սա տեխնոլոգիական ոլորտի 3 հսկաների կողմից հաստատում է այն մասին, որ մեր մշակած տեխնոլոգիան համապատասխանում է միջազգային մակարդակին, նորարար է եւ, որ ամենակարեւորն է, դրա կարիքը կա: Ավելին, Intel, Cisco եւ Deutsche Telekom  ընկերությունների հետ աշխատանքը մեզ թույլ կտա օգտագործել բիզնեսի եւ տեխնոլոգիական փորձագետների ներուժը՝ նպաստելով պրոդուկտի առաջխաղացմանը: Մենք կկարողանանք կապ ունենալ բարձաստիճան ղեկավարների հետ, որոնք կօգնեն մեզ շուկա մտնելու մարտավարության մշակման հարցերում՝ ավելի արագ զարգացնելով մեր բիզնեսը: Ես հպարտ եմ մեր թիմով եւ մինչ օրս մեր արածով, ինչպես նաեւ այն հնարավորություններով, որոնք այսօր կան մեր ընկերության առաջ»,- նշել է Արմին Սաիդին:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ընկերությունը որոնում է front-end եւ back-end ծրագրավորողների: Հետաքրքրվողները կարող են գրել hireme@wicastr.com հասցեին: 

WICASTR-ը հիմնադրվել է 2013թ. մայիսին Լոնդոնում եւ ունի գրասենյակներ նաեւ Երեւանում եւ Մոնրեալում: Այն Techstars ստարտափ աքսելերատորի շրջանավարտներից է:

WICASTR-ը Cisco ամերիկյան ընկերության կողմից ընտրվել է որպես 2015թ. Մեծ Բրիտանիայի լավագույն 5 ստարտափերից մեկը՝ Internet օf Everything շրջանակներում:

Այն «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության կողմից ֆինանսավորում ստացած ընկերություններից է: Մասնակցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից ստարտափների համար իրականացվող ինովացիոն ծրագրին:

Նարինե Դանեղյան