12:07 | 10.05.16 | Նորություններ | 1178
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ Հայաստան) սկսել է նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերությունների համար նախատեսված նոր աքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունումը:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
Նա նշել է, որ 3 ամիս տեւողությամբ ծրագրին կարող են դիմել 2-5 հոգուց բաղկացած ստարտափները, որոնք առաջարկում են որեւէ խնդրի ՏՏ լուծում՝ ցանկացած ոլորտում։
Գրանցման հայտը հասանելի է այստեղ: Վերջնաժամկետը մայիսի 28-ն է:
«Ծրագրի մեկնարկը կտրվի հունիսին, իսկ ավանդական Դեմո օրը կկայանա սեպտեմբերին: Նորարար լուծումներ գլոբալ խնդիրներին՝ մենք չենք ցանկանում, որ դուք հեծանիվ հայտնագործեք, այլ, որ բեկումնային լուծումներ առաջարկեք արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրներին եւ հեշտացնեք օգտատերերի կյանքը: Ծրագրի նպատակն է խրախուսել տարածաշրջանի ստարտափներին հիմնել ընկերություններ եւ դրանք տանել զարգացման նախնական փուլ, ստեղծելով մինիմում կենսունակ պրոդուկտ, որը որեւէ խնդրի լուծում է, ունի մեծ շուկաներ մտնելու հնարավորություն եւ կարող է ներկայացվել ներդրողներին եւ գործընկերներին»,- նշել է Արտաշես Վարդանյանը:
Նրա խոսքով` ծրագրին մասնակցող ստարտափները կկարողանան հաղորդակցվել ամբողջ աշխարհից ավելի քան 40 մենթորների եւ ներդրողների հետ, ինչը հնարավորություն է ստանալու առաջին սաղմնային ներդրումները եւ մեծաքանակ արժեքավոր կապեր:
Ստարտափներին կտրամադրվեն նաեւ անվճար ծրագրերի փաթեթներ եւ տեխնիկական աջակցություն, այդ թվում` FREE Azure Cloud Services-ից անվճար օգտվելու հնարավորություն:
Ծրագրի ամբողջ ընթացքում ստարտափները հնարավորություն կստանան օգտվել ՄԻԿ Հայաստանի գրասենյակի բոլոր պայմաններից՝ տարածք, համակարգիչներ, համակարգչային ծրագրեր, այլ սարքավորումներ։