Աստղիկ Մինասյանը
06:42 | 04.05.16 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 35290
Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:
Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են:
Itel.am-ը «Տեխնոլոգիաները եւ կանայք» նոր շարքում ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:
24-ամյա Աստղիկ Մինասյանն աշխատում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունում` որպես front end/backend ծրագրավորող:
Զբաղվում եմ իմ սիրած գործով
Սովորել եմ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Մինչեւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» տեղափոխվելը ինտերնշիփ եմ անցել «Ինսթիգեյթ» ընկերությունում:
Աստղիկ Մինասյանը
Նախկինում մտածում էի, որ համալսարանն ինձ որեւէ օգուտ չի տալիս, բայց ընթացքում հասկացա, որ սխալվել եմ: Այս ոլորտում տեսությունը շատ մեծ դեր ունի, հիմքը դրվում է հենց տեսության շնորհիվ:
Փոքր տարիքում մաթեմատիկան շատ էի սիրում եւ ապագաս պատկերացնում էի մաթեմատիկայի ոլորտում: Քույրս է ոգեշնչել, որ ծրագրավորումն ընտրեմ որպես մասնագիտություն: Այսօր ուրախ եմ, որ այն ժամանակ նրան լսեցի եւ եկա այս ոլորտ: Ես ինձ գտել եմ ՏՏ-ում: Զբաղվում եմ իմ սիրած գործով:
Այս ոլորտի առավելություններից է այն, որ կարող եմ, օրինակ, առավոտյան չգնալ աշխատանքի, գալ ավելի ուշ եւ հանգիստ աշխատել մինչեւ ուշ գիշեր: Այդպես ոչ մեկի չեմ խանգարում, կարող եմ աշխատել աշխատանքային ժամերից դուրս կամ անգամ տանից:
Շատ համբերատար չեմ, աշխատելիս ինչ-որ պահի հնարավոր է՝ ինչ-որ բան չստացվի եւ նյարդայնանամ, սակայն այն միտքը, որ գիտես, որ ի վերջո հասնելու ես նպատակիդ իրականացմանը, ստիպում է շարունակել:
Եղել են դեպքեր, երբ աշխատելիս այնքան եմ նյարդայնացել, որ ուժեղ փակել եմ նոութբուքը, հետո բացել, ստուգել եմ՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ (ծիծաղում է-խմբ.): Որքան էլ չստացվի, որքան էլ ցանկանաս համակարգիչը կոտրել, նորից պետք է փորձես:
Աստղիկ Մինասյանը
Այս ոլորտի կարեւոր առավելություններից է բարձր աշխատավարձը. որքան ավելի որակյալ մասնագետ ես, այնքան աշխատավարձդ բարձրանում է:
Ինձ հետաքրքրում է սարքերի կառուցվածքը
Տեխնոլոգիական նորաձեւությանը շատ քիչ եմ հետեւում: Սակայն, դրա հետ մեկտեղ, ինձ հետաքրքիր է, թե տվյալ սարքն ինչպես է աշխատում: Պարտադիր չէ, որ ինքս ունենամ այդ սարքերը. կարող ես ընկերոջիցդ վերցնել եւ փորձարկել: Կարծում եմ, որ միշտ պետք է թրենդի մեջ լինես:
Հիմնական աշխատանքից բացի, MyDayAtHome ստարտափ թիմի անդամ եմ. մեր թիմը նախագծել է մի սարք, որը հարմարավետ է դարձնում տարեց մարդկանց առօրյան: Ես ապահովում եմ ստարտափի տեխնիկական մասի աշխատանքը: Ունեմ նաեւ մի շարք այլ նախագծեր, որոնց մասին դեռ չեմ կարող պատմել:
Մինչեւ լուծում չգտնեմ, չեմ հանգստանում
Այս ոլորտի մարդկանց շփումը այլ ոլորտների մարդկանց հետ մի փոքր բարդ է ստացվում, օրինակ տանն ինձ երբեմն ասում են, որ ֆիզիկապես տանն եմ, իսկ մտքերով՝ այլ վայրում: Պատճառն այն է, որ երբ գնում եմ տուն, բացում եմ լափթոփը եւ շարունակում աշխատել մի խնդրի վրա, որն օրինակ օրվա ընթացքում չեմ կարողացել լուծել: Մինչեւ լուծում չգտնեմ, չեմ հանգստանում:
Աստղիկ Մինասյանը
Ընկերներիս շրջանում գերակշռում են ծրագրավորողները, լինի աղջիկ, թե տղա: Ծրագրավորողները մեծ ուշադրություն չեն դարձնում հագուկապի վրա:
Այս ոլորտն ընտրելու պարագայում սկզբնական շրջանում պետք է մոռանաս ժամանցի վայրերի մասին: Դրա փոխարեն պետք է շատ կարդաս:
Պետք է քեզ համար վերջնաժամկետ սահմանես: Դա կօգնի հասկանալու, որ չնայած դժվարությանը՝ քիչ է մնացել, ու մի փոքր էլ՝ եւ կհասնես նպատակիդ:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի