08:48 | 19.04.16 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 31524
Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:
Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են:
Itel.am-ը «Տեխնոլոգիաները եւ կանայք» շարքում ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:
Նարինե Եղիազարյանը Հայաստանում գործող NaKo Games ընկերության հիմնադիրն է: Ընկերությունն այսօրվա դրությամբ 15 մոբայլ խաղ է պատրաստել, որոնց ներբեռնումների ընդհանուր թիվը գերազանցում է 4 մլն-ը:
Բրյուսովից մինչեւ տեխնոլոգիաներ
Ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, սակայն զբաղվում եմ գրաֆիկ դիզայնով: 2010թ. աշխատանքի անցա Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրումում՝ որպես վեբ կոնտենտ մենեջեր: Քանի որ բովանդակության հետ մեկտեղ պետք էր նաեւ կայքերում նկարներ տեղադրել, սկսեցի ֆոտոշոփ ուսումնասիրել եւ մասնագիտացա գրաֆիկ դիզայնի մեջ: Աստիճանաբար հասկանալով ոլորտի նրբությունները՝ արդյունքում բացեցի իմ ստարտափը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Nako Games-ի խաղերը dress up կատեգորիայի խաղեր են, իսկ թիրախում մինչեւ 25 տարեկան աղջիկներն են: Խաղերի միջոցով կարելի է փոխել հերոսների հագուկապը, սանրվածքը՝ ստանալով ցանկացած տեսք: Օրական ունենք 15 հազ., իսկ ամսական՝ 250 հազ. ակտիվ օգտատեր:
Գրաֆիկ դիզայից բացի՝ ղեկավարում եմ ամբողջ թիմը: Ծրագրավորող չեմ, կոդ չեմ գրում: Տիրապետում եմ html լեզվին, սակայն չեմ կարծում, որ կոդ գրելու գիտելիքներ ունենալն այս ոլորտում պարտադիր նախապայման է:
Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում տեխնոլոգիաների ոլորտում կանանց թիվը քիչ է: Գուցե պատճառն այն է, որ կանայք ավելի շատ մտածում են անձնական, ընտանեկան կյանքի մասին:
Ամեն ինչի համար ժամանակ գտնում եմ
Ստարտափը երեխայի պես է՝ շուրջօրյա խնամք է պահանջում, պետք է անընդհատ դրան ուշադրություն դարձնես: Ներկա պահին ես տանից եմ աշխատում եւ փորձում եմ համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Հասցնում եմ նաեւ ինձ հետեւել, շաբաթական 3 անգամ ֆիթնեսի եմ գնում: Ակտիվ մասնակցում եմ տարբեր միջոցառումների, սիրում եմ զբոսնել ու այդ ամենի համար ժամանակ եմ գտնում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
ՏՏ ոլորտի կինը պետք է տեղեկացված լինի
Կարծում եմ՝ այս ոլորտում աշխատող կինը միշտ պետք է տեղեկացված լինի: Խոսքը ոչ միայն ՏՏ ոլորտի, այլեւ այլ ոլորտների խնդիրների մասին է: Իրազեկվածությունը թույլ կտա տեխնոլոգիաների միջոցով լուծումներ գտնել այլ ոլորտի խնդիրների համար:
Ես հետեւում եմ տեխնոլոգիական նորություններին, բայց դա չի նշանակում, որ պետք է վերջին սերնդի սարքեր ունենամ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վերջին շրջանի տեխնոլոգիական գյուտերից կառանձնացնեմ հոլոպորտացիան (holoportation), որը հնարավորություն է տալիս վերակառուցել, սեղմել եւ ուղարկել մարդկանց բաձրորակ 3D մոդելներ՝ ռեալ ժամանակում աշխարհի ցանկացած կետ: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս տեսնել եւ հաղորդակցվել հեռվում գտնվող մարդկանց հետ 3D ձեւաչափով: Ամեն ինչ այնքան ռեալ է, որ թվում է, թե նրանք իսկապես կողքիդ են:
Դարը տեխնոլոգիաներինն է, եւ դրանցով հետաքրքրվող բոլոր կանանց եւ աղջիկներին խորհուրդ կտամ համարձակ լինել եւ հնարավորինս արագ մուտք գործել ոլորտ:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նկարահանումն իրականացվել է El Garden սրճարանում