06:17 | 03.05.16 | Հոդվածներ | exclusive 7885

Narinj.am-ի միջոցով կարելի է «տնական» սնունդ պատվիրել

Ապրիլի 30-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում գործարկվել է Narinj.am հարթակը, որի օգնությամբ կարելի է օնլայն պատվիրել տնային պայմաններում պատրաստված համեղ ուտեստներ:

Նախագծի հեղինակը Qualitech Systems ընկերությունն է:

Հարթակի ստեղծման վրա աշխատել է 5-հոգանոց թիմ՝ Վահան Գեւորգյան (front end developer), Կարինե Գասեսյան (front end developer), Արամ Կիրակոսյան (back end developer), Աշոտ Մնացականյան (back end developer), Գոռ Հովսեփյան (համահիմնադիր):

Գոռ Հովսեփյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ հարթակը համեղ ուտեստներ պատրաստող բոլոր մարդկանց, որոնք կարողանում են ապահովել համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ, հնարավորություն է ընձեռում դառնալ խոհարար եւ այդ ճանապարհով գումար վաստակել: 

«Հարթակում արդեն իսկ ներկայացված է 6 խոհարար եւ 50-ից ավելի ուտեստ: Համակարգն ունի մի քանի կարեւոր առանձնահատկություն՝ ուտեստները պատրաստվում են տեղական եւ թարմ սննդամթերքով, խոհարարները պատրաստում են այնպես, ինչպես իրենց ընտանիքի համար եւ սրտացավ են, քանի որ գումար են վաստակում համակարգի միջոցով»,- նշել է Գոռ Հովսեփյանը:



Նրա խոսքով՝ ներդրողներ առայժմ չունեն եւ այս պահին աշխատում են սեփական ռեսուրսներով:

«Այսօր մեր առաջնային խնդիրն է լավ աշխատող համակարգի ստեղծումը, շուկայի ուսումնասիրությունը, փորձի հավաքումը: Համակարգը դեռեւս թեստավորման փուլում է եւ ունի մինիմալ անհրաժեշտ ֆունկցիոնալություն: Քանի որ մոդելը նորություն է Հայաստանում, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, շատ բաներ ինքներս ընթացքում ենք սովորում»,- բացատրել է Գոռ Հովսեփյանը:

Հարթակի համահիմնադրի խոսքով՝ հետագայում մտադիր են ընդլայնել համակարգը եւ ստեղծել ունիվերսալ հարթակ, որի միջոցով ցանկացած մարդ կարող է գումար վաստակել՝ օգտագործելով իր հմտությունները:

Նարինե Դանեղյան