14:31 | 22.04.16 | Նորություններ | 4470
ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը:
Պատկերագիրքը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան տասը նամակ, 100 տարի անց հայ եւ օտարազգի անվանի գործիչների՝ դրանց ուղղված պատասխան-արձագանքներ՝ նամակներ եւ կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր եւ արխիվային լուսանկարներ։
Պատկերագրքի երկրորդ բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վավերագրերի թեմաներով «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի աշխատանքների մրցույթի լավագույն քսան վավերաքանդակներն ու վավերանկարները։
«Մարդկության դեմ իրագործված վայրագության՝ Հայոց ցեղասպանության մասին աղաղակող յուրաքանչյուր վկայություն քաղաքակիրթ աշխարհին ներկայացվող ուղերձ է. լինի դա նամակ, լուսանկար, հոդված, թե՝ գիրք: Այսօրինակ ծրագրերով մենք ոչ միայն մեր՝ սերունդների պարտքն ենք կատարում անմեղ նահատակների առջեւ, այլեւ ձգտում ենք կանխել հրեշավոր դեպքերի կրկնությունը՝ որեւէ ազգի նկատմամբ: Համոզված եմ, որ քաղաքական շահերի թակարդում հայտնված որոշ երկրներ տարիներ անց ստիպված կլինեն «նահանջել» այդ փաստերի ծանրության տակ եւ խախտել հարյուրամյա լռությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: