10:04 | 22.04.16 | Նորություններ | 1286
Ապրիլի 29-ին եւ 30-ին Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կանցկացվի «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության եւ արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ: Հարթակը հնարավորություն կտա ՏՏ ոլորտի գիտաշխատողներին ներկայացնել իրենց կողմից իրականացվող եւ կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները:
Մասնավոր եւ պետական հատվածների մասնակիցներն էլ կկարողանան ներկայացնել իրենց գործունեությանն առնչվող գիտական բաց խնդիրները, իսկ բարձր կուրսերի ուսանողները՝ ծանոթանալ ՀՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին:
Գիտաժողովի շրջանակում ՏՏ ոլորտի գիտության, արդյունաբերության եւ պետական կառույցների ներկայացուցիչները ներկայացնելու են իրենց կողմից ձեռք բերված արդյունքները, առկա բաց խնդիրները, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության ուղիները՝ հետեւյալ ուղղություններով.
- Համակարգչային տեսողություն (computer vision),
- Մեքենայական ուսուցում (machine learning),
- Տեղեկատվական անվտանգություն (information security),
- Միկրոէլեկտրոնիկա (microelectronics):
Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաեւ պանել-քննարկումներ հետեւյալ թեմաներով՝
- Անջրպետների կամրջում. գիտություն, արդյունաբերություն եւ պետական կառույցներ (Bridging gaps: science, industry and state),
- Կրթություն. պահանջարկ եւ առաջարկ (Education: demand and supply),
- Գաղափարների ձեւավորման էկոհամակարգ. Բուհեր, ստարտափեր, աքսելերատորներ, ինկուբատորներ (Idea forming ecosystem: universities, start-ups, accelerators, incubators):
Գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ԵԳԱԾ, ՀԵՀ եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: