«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) կոչ է անում բաժանորդներին զգուշանալ անհայտ ինքնությամբ բաժանորդների հաշվեկշռին «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայության միջոցով գումար փոխանցելուց կամ վերալիցքավորում կատարելուց՝ կարեկցանքից դրդված:
«Հավանական է` նման աջակցության խնդրանքով դիմող անձինք զբաղվում են խարդախությամբ»,- նշել են ընկերությունում:
Ընկերությունը նաեւ կոչ է անում բաժանորդներին հեռախոսային խոսակցության միջոցով տեղեկություններ չհաղորդել ԼՂՀ տարածքում գտնվող անձանց եւ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ:
«Անվտանգության նկատառումներից ելնելով` անհրաժեշտ է զգուշանալ հեռախոսային խոսակցության միջոցով նմանատիպ կամ ցանկացած այլ տեղեկատվություն տրամադրելուց, որը կարող է պարունակել ռազմական եւ երկրի անվտանգության հետ կապված գաղտնի տեղեկություններ»,- ասված է հաղորդագրությունում: