11:17 | 07.04.16 | Նորություններ | 1971
Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար (փոխնախարար) Սուջատա Մեհտան Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) նախաձեռնությամբ ստեղծված Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն այցելության ընթացքում ծանոթացել է վերջինիս գործունեությանը:
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հնդիկ պաշտոնյային ներկայացրել է C-DAC ընկերության հետ համատեղ գրեթե 4 տարի իրականացվող Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագիրը, տեղեկացնելով, որ այն հնդկական ընկերության ամենահաջողված ծրագրերից է տարածաշրջանում:
Խոսելով նոր ծրագրերի մասին՝ Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ նպատակ ունեն զարգացնել եւ խթանել նոր կրթական ծրագրերը՝ Big data, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ (ԲԱՀՀ), դասախոսների վերապատրաստումների ուղղությամբ, ստեղծել հայ-հնդկական հետազոտողների համատեղ խումբ՝ համապատասխան խնդիրների եւ ուղղությունների քննարկման համար, ինչպես նաեւ հիմնել բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկների կենտրոն եւ նախաձեռնել համապատասխան գիտելիքների փոխանցման ծրագրեր՝ գերհամակարգչով աշխատելու մասնագիտական ռեսուրս ստեղծելու նպատակով:
«Կարծում եմ գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, եւ պետք է էլ ավելի խթանենք մեր հարաբերությունները»,- ասել է Հնդկաստանի ԱԳ փոխնախարարը:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հիմնվել է Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ 2009թ. հունիսին կնքված Փոխհամաձայնության հուշագրի շրջանակում:
Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման եւ այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը: