05:49 | 16.03.16 | Նորություններ | 1430

Նոր հարթակը կփորձի դառնալ հայկական մեդիայի ագրեգատոր

Press.am-ը ավտոմատացված լրատվական ագրեգատոր է, որը մեկ հարթակում հավաքագրում եւ ներկայացնում է շուրջ 3 տասնյակ հայկական լրատվամիջոցների հրապարակումները:

Itel.am-ի հետ զրույցում Press.am-ի հիմնադիր Արթուր Ավանեսովը նշել է, որ լրատվական կայքերում հրապարակված նյութն առնվազն 30 րոպեի ընթացքում հայտնվում է նաեւ հարթակում:
 
«Press.am-ում ներկայացված է Հայաստանում եւ երկրից դուրս տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաեւ հեղինակային հրապարակումների, հարցազրույցների ընտրանին: Ներկայացված 30 լրատվականներից բացի, այստեղ կարելի է գտնել 5 պետական մարմինների մամուլի հաղորդագրությունները»,- ասել է կայքի հիմնադիրը: 

Անդրադառնալով հայաստանյան շուկայում գործող նմանատիպ մյուս հարթակներին՝ Արթուր Ավանեսովը նշել է, որ ինտերնետային լրատվամիջոցների հսկայական քանակն ու ինֆորմացիան փոխանցելու տարաբնույթ խողովակները մեդիա դաշտը դարձրել են բազմազան, հաճախ նաեւ՝ անորակ:

Հարթակում լուրերը ներկայացված են ինչպես առանձին բաժիններով (քաղաքականություն, հասարակություն, մշակույթ եւ այլն), այնպես էլ` ընդհանուր լրահոսով: