13:08 | 15.03.16 | Նորություններ | 2077

Վարչապետը ծանոթացել է «ԱրմԹաբ»-ի արտադրությանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԱրմԹաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ եւ գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ծանոթացել է արտադրական գործընթացներին եւ առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին: Դրանք համալրված են ժամանակակից համակարգերով եւ ծրագրերով, իսկ գնային առումով ավելի մատչելի են:

Ներկայում ընկերության արտադրանքն իրացվում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում: Վարչապետի այցի ընթացքում նշվել է, որ բանակցություններ են վարվում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում գործող հայաստանյան ընկերությունների հետ՝ արտադրանքը մանրածախ շուկայում իրացնելու նպատակով:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ն անցած տարի հայաստանյան դպրոցներին է տրամադրել 700 պլանշետ, այս տարի եւս ծրագիրը կշարունակվի:

Վարչապետը կարեւորել է ընկերության գործունեությունը եւ նշել, որ այն հաջողությամբ զարգանում է եւ ունի մեծ ապագա: Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակելու է աջակցել մեծ ներուժ ունեցող ՏՏ ոլորտին՝ համարելով այն գերակայություն:

Հովիկ Աբրահամյանը նաեւ ասել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ոլորտի յուրաքանչյուր ծրագիր դարձնել քննարկման առարկա եւ անհրաժեշտության դեպքում ցուցաբերել շարունակական օժանդակություն:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը համագործակցում է օտարերկրյա մի շարք գործընկերների հետ: Ընկերությունը ներկայում ունի 117 աշխատող:

«ԱրմԹաբ» գործարանի մասին պատմող Itel.am-ի ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ այստեղ: