16:53 | 17.02.16 | Նորություններ | 4871
Փետրվարի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոստելեկոմ»-ին են տրամադրվել ֆիքսված հեռախոսային ցանցի տարածաշրջանային կոդեր (NDC) եւ համարային շարքեր։
Մինչ այս ընկերությունն իր բաժանորդներին տրամադրում էր հեռախոսահամարներ ոչ աշխարհագրական կոդերով, որոնք հնարավոր էր շահագործել ՀՀ ցանկացած վայրում։ Շնորհիվ տրամադրված կոդերի եւ համարային շարքերի՝ «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում հնարավորություն է ստացել հեռախոսահամարներ տրամադրելու նաեւ ըստ տարածաշրջանների՝ աշխարհագրական կոդերով։
Մասնավորապես ընկերությանն են տրամադրվել Երեւան քաղաքի 012 կոդով սկսվող 2-9 շարքերը (012 2x xx xx, 012 3x xx xx, այլ), ինչպես նաեւ աշխարհագրական վայրի կոդով համարներ (ինչպես օրինակ՝ Գյումրի 312 850xx, 312 851x եւ այլն):
Նման կերպով համարային շարքեր են տրամադրվել Երեւանի եւ հայաստանյան 48 խոշոր քաղաքների կոդերով։
Ընկերությունը շարունակելու է տրամադրել հեռախոսակապի ծառայություններ ոչ աշխարհագրական 060 46 xx xx, 060 71 xx xx xx, 060 72 xx xx, 060 73 xx xx, 060 74 xx xx, 060 75 xx xx շարքերով ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։