12:32 | 16.02.16 | Հոդվածներ | exclusive 4015

Demo Day-ին ընդառաջ. Medas հավելվածը կօգնի հիշել դեղերի ընդունման ժամը

Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:

Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:

Medas հավելվածը «խելացի» ժամանակացույց է, որն օգնում է չմոռանալ դեղամիջոցների կամ բժշկական այլ պրոցեդուրաների ընդունման ժամերը:

Ստարտափի հիմնադիրներն են Մխիթար Մկրտչյանը, Զավեն Եղոյանը եւ Հայկ Ավդալյանը:

«Հատկապես այն հիվանդների համար, որոնք տարբեր ժամերի, տարբեր քանակությամբ եւ տարբեր համադրությամբ մի քանի դեղամիջոց պետք է ընդունեն, շատ հաճախ դժվար է այդ ամենը համակարգելը եւ ընդունել չմոռանալը։ Երբեմն նրանք շփոթում են դեղերի ընդունման ժամերը, չափաքանակը, ինչի հետեւանքով ոչ միայն բուժումն է դառնում անարդյունավետ, այլեւ հիվանդների մոտ առաջանում է թունավորում կամ հիվանդության սրացում։ Այս նորարար հավելվածը մշակում է խելացի օրակարգ, որը հիվանդին կհուշի, թե երբ պետք է սնվել կամ դեղ ընդունել»,- Itel.am-ի հետ զրույցում պատմել է Մխիթար Մկրտչյանը:  

Նրա խոսքով՝ շուկայում առկա նմանատիպ հավելվածներից Medas-ը տարբերվում է նրանով, որ բավական հեշտ է օգտագործել։

«Տվյալների մուտքագրման համակարգը մշակված է այնպես, որ ներառելու է դեղամիջոցների անվանումները՝ իրենց չափաքանակներով եւ արտադրության երկրի տվյալներով, ինչը հնարավորություն է տալիս, որ օգտագործողը կատարի որոշակի ընտրություն»,- ասել է նա:

Medas-ը նախատեսված է նաեւ հիվանդանոցների, ծերերի խնամքի կենտրոնների համար, որտեղ միաժամանակ դեղամիջոց են ընդունում հարյուրավոր մարդիկ։ Համակարգը թույլ է տալիս ունենալ նաեւ խնամող, որին նույնպես ծանուցվում է անհրաժեշտ քայլերի մասին։

Հավելվածը շուտով հասանելի կլինի Google Play-ում:

Մխիթար Մկրտչյանը նշել է, որ կփորձեն օգտատերերի կարծիքների հիման վրա այն բարելավել եւ ներկայացնել միջազգային շուկայում։

Անդրադառնալով ստարտափ աքսելերացիայի ծրագրին՝ Medas-ի համահիմնադիրը կարեւորել է հանգամանքը, որ ծրագրի շրջանակում իրենք սովորել են գաղափարը պրոդուկտի վերածելու հմտություները:

Նարինե Դանեղյան