13:36 | 15.02.16 | Հոդվածներ | exclusive 4459
Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:
Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։
«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:
Helpie-ն հարթակ է կայքերից եւ ծրագրերից ավելի հեշտ եւ արդյունավետ օգտվելու համար:
Ստարտափի հիմնադիրներն են Տիգրան Աթայանը եւ Վահե Մադաթյանը:
Itel.am-ի հետ զրույցում Տիգրան Աթայանը պատմել է, որ կայքերից օգտվողների փորձառությունը բարելավվող հավելված ստեղծելու գաղափարը թիմի մոտ վաղուց է առաջացել:
«Տարբեր հաճախորդների հետ աշխատելիս պարզ դարձավ, որ հաճախ իրենք էլ են դժվարանում օգտագործել իրենց կայքերը կամ ծրագրերը։ Եվ կարիք է առաջանում ամեն ինչ մանրակրկիտ ձեւով նորից բացատրել կամ մշտապես օգնել կայքից կամ ծրագրերից օգտվելիս։ Helpie-ն այս ոլորտում նորարար լուծում է առաջարկում՝ փորձելով լուծել այդ խնդիրը»,- նշել է նա:
Տիգրան Աթայանի խոսքով՝ արդեն մարտի կեսերին պատրաստ կլինի Helpie-ի վեբ տարբերակը, որը ծրագրվում է փորձարկել արդեն իսկ համագործակցող գործընկերների հետ:
Ավելի ուշ թիմը կաշխատի նաեւ մոբայլ տարբերակի մշակման ուղղությամբ:
«Ստարտափ աքսելերացիայի ծրագրի շրջանակում մեծ առաջընթաց ենք գրանցել: Նորարար գաղափար ունենալը միայն գործի կեսն է, կարեւոր է հասկանալ դրա բիզնես մոդելը՝ ուշադրություն դարձնելով հաջողությանը նպաստող շատ գործոնների՝ պրոդուկտի մարկետինգ, պոտենցիալ ներդրողների հետ կապերի հաստատում, պոտենցիալ հաճախորդներից կարծիքների հավաքագրում։ Աքսելերացիայի ծրագիրն օգնեց ծանոթանալ այդ ամենին»,- եզրափակել է Helpie-ի համահիմնադիրը:
Նարինե Դանեղյան