09:22 | 13.02.16 | Նորություններ | exclusive 3279

Demo Day-ին ընդառաջ. Needsweet-ը տորթերի պատվիրման նոր լուծում է առաջարկում

Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:

Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:
 
Needsweet հարթակը հնարավորություն է տալիս առցանց տոնական տորթեր պատվիրել:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Վահե Սարգսյանը պատմել է, որ փորձել է նորարար լուծումներ մշակել տարբեր ոլորտների համար` սկսած ամպային տեխնոլոգիաներից մինչեւ տնական սննդի առաքում:

«Առաջին հայացքից այն թվում է պատվիրման պարզ համակարգ, սակայն առավելությունն այն է, որ հնարավոր է պատվիրել ցանկացած մեծության եւ դիզայնի տոնական տորթ: Փորձելով ընդգրկել նաեւ այլ մթերքներ առաքման համակարգում, համոզվեցինք, որ մեծ է պահանջարկը հատկապես տոնական տորթերի նկատմամբ: Համակարգը կապող օղակ է պատվիրատուի եւ տորթ թխող կանանց միջեւ»,- նշել է նա:

Վահե Սարգսյանի խոսքով՝ կայքն արդեն պատրաստ է, եւ կատարվում են առաջին պատվերները:

Ստարտափ աքսելերացիայի ծրագրի ընթացքում Needsweet-ը այն թիմերից էր, որ տեղակայված էր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում եւ աշխատում էր այդ գրասենյակից:

«Ծրագրի շրջանակում մենք հաճախակի հանդիպումներ էինք ունենում բազմաթիվ մենթորների եւ հաջողված ստարտափների հիմնադիրների հետ, ինչի արդյունքում ես սկսում էի ավելի լավ հասկանալ, թե ինչ է հարկավոր իմ ստարտափին, ինչը կարող է հանգեցնել սխալի, ինչպես ավելի շատ հաճախորդ ներգրավել»,- նշել է Needsweet-ի հիմնադիրը:

Նարինե Դանեղյան