13:36 | 18.01.16 | Նորություններ | exclusive 5598

gg-ն արդեն Թբիլիսիում է

Հայկական gg ընկերությունն իր ggGeorgia բրենդով արդեն հասանելի է Վրաստանի մայրաքաղաքում:

Հայկական ընկերությունը Թբիլիսիում առանձին գրասենյակ ունի, ինչպես նաեւ գրանցված շուրջ 30 վարորդ:

Itel.am-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը նշել է, որ Թբիլիսիում աշխատող վարորդների մեծ մասը վրացի են:

«Թբիլիսին Երեւանից մասշտաբներով ավելի մեծ է, եւ եթե սրան գումարենք նաեւ զբոսաշրջիկների հոսքը, ապա սա gg-ֆիկացիայի հիանալի տարբերակ է: Բացի այդ, Թբիլիսին Երեւանին ամենամոտ միլիոնանոց քաղաքն է: Եվ մի շարք հայկական ընկերություններ արդեն իսկ այնտեղ գործունեություն են ծավալում, օրինակ Menu.am-ը, «Գրանդ Քենդի»-ն, «Վեգա»-ն»,- ընդգծել է Խաչատուր Գրիգորյանը: 

Նրա խոսքով՝ վրացական շուկայի պոտենցիալը կրկնակի ավելի է, սակայն մրցակցությունը՝ ոչ այդքան ուժեղ:

«Նախատեսում ենք Թբիլիսիում առաջատար դառնալ կես տարվա ընթացքում: Մրցակիցները քիչ են, բայց կան: Օրինակ, Taxify-ը, որը մեր առաջին միջազգային մրցակիցն է: Եթե կարճ ժամանակում կարողանանաք առաջատար դառնալ, ապա կապացուցենք մեր մրցունակությունը: Մեր կարծիքով՝ նվիրված աշխատանքի հաշվին հնարավոր է առաջընթաց ունենալ»,- նշել է Խաչատուր Գրիգորյանը՝ հորդորելով հայերին նպաստել վրացական շուկայում ընկերության տարածմանը:

Ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում ggGeorgia-ն մուտք կգործի նաեւ Բաթումի եւ Քոբուլեթի:

Նարինե Դանեղյան