12:06 | 12.01.16 | Հոդվածներ | exclusive 4644

Co-Story. Ինչպես օնլայն ստեղծագործել անծանոթի հետ

Գործարկվել է հայ մասնագետների մշակած Co-Story հավելվածը, որի նպատակն է օգնել մարդկանց համատեղ առցանց ստեղծագործել:

Հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից:

Co-Story-ն մշակել է Way4app ընկերությունը: Համահիմնադիրներն են Գեղամ Հարությունյանը եւ Արմեն Գրիգորյանը:

Itel.am-ի հետ զրույցում Գեղամ Հարությունյանը պատմել է, որ հավելվածը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք սիրում են ստեղծագործել, ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ, վառ երեւակայություն եւ պատրաստ են տարբեր իրավիճակների վերաբերյալ հետաքրքիր լուծումներ առաջարկել:

«Սա շփման յուրահատուկ հարթակ է, որը միավորում է միանման հետաքրքրությունների տեր մարդկանց, թույլ տալիս կիսվել մտքերով, տպավորություններով, հնարավորություն է տալիս լրացնել միմյանց մտքերը, նպաստում է ստեղծագործ մտքի զարգացմանը»,- ասել է նա:

Գեղամ Հարությունյանի խոսքով՝ Co-Story-ն նոր խոսք է հավելվածների թե հայկական, թե համաշխարհային շուկայում: Գործարկումից մի քանի օր անց այն արդեն ունի 300 ակտիվ օգտատեր տարբեր երկրներից:

«Հավելված ստեղծելու միտքը երկար ժամանակ քննարկվում էր, սակայն լուրջ սկսեցինք զբաղվել 2015թ. ամռանը: Հավելվածն ամբողջությամբ մշակել ենք երկուսով` ես եւ Արմեն Գրիգորյանը: Ի դեպ, սա մեր չորրորդ սեփական հավելվածն է: Համատեղ աշխատանքի ընթացքում հասցրել ենք ձեւավորել փոքր, սակայն կայուն թիմ, որի կազմում ընդգրկված են այնպիսի մարդիկ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում համարձակ գաղափարները կյանքի  կոչելու հարցում»,- պատմել է նա:

Co-Story-ի համահիմնադրի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ հավելվածը կյանքի են կոչել համատեղ ուժերով, սկզբնական փուլում մեծ ներդրումների կարիք չեն ունեցել եւ բավարարվել են սեփական միջոցներով:

«Սակայն արդեն այսօր, երբ հավելվածը պատրաստ է, կարիք կա այն շուկայում ներկայացնել, անհրաժեշտ է զբաղվել մարքեթինգով, եւ այդ նպատակով ներդրում են փնտրում: Արդեն իսկ առաջարկ եղել է մի արտասահմանյան ըներությունից, սակայն դեռ պետք է ամեն ինչ ծանրութեթեւ անել: Նոր առաջարկներ եւս պատրաստ ենք լսել»,- նշել է Գեղամ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Android տարբերակի ստեղծումը պայմանավորված է iOS տարբերակի հաջողություններով:

«Հուսանք` այդ հաջողությունները երկար սպասեցնել չեն տա, եւ մոտ ապագայում կկարողանանք ուրախացնել նաեւ Android օգտագործողներին»,- եզրափակել է Գեղամ Հարությունյանը: 

Նարինե Դանեղյան