12:23 | 07.12.15 | Նորություններ | exclusive 3434

Հայկական ստարտափները կարող են մասնակցել հեղինակավոր Pioneers500 մրցույթին

Pioneers Festival-ը տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ամենամյա խոշոր միջոցառում է, որը 2016թ. հյուրընկալվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Itel.am-ին միջոցառման կազմակերպիչները տեղեկացրել են, որ Pioneers Festival-ի շրջանակում տեղի կունենա Pioneers500 մրցույթը, որին հայկական ստարտափների մասնակցությունը ողջունելի է:

Pioneers500-ը հայկական ստարտափների համար հնարավորություն է հանդիպելու հայտնի ներդրողների եւ աքսելերատորների, տարբեր ստարտափների, գրավել հեղինակավոր ԶԼՄ-ների ուշադրությունը եւ այլն:

Մասնակցել կարող են բոլոր այն ստարտափները, որոնք մինչ օրս չեն ստացել €3 մլն-ից ավելի ֆինանսավորում:

Մասնակցության հայտը կարելի է լրացնել այստեղ: Դիմելու վերջնաժամկետը 2016թ. մարտի 30-ն է:

Ընտրվելով Pioneers500-ի ստարտափներից մեկը՝ կազմակերպիչները կհոգան յուրաքանչյուր ստարտափից երկու հոգու մասնակցության ծախսը (participation fee), որը չի ներառում ճանապարհածախսն ու կեցության ծախսերը:

500 ստարտափից ժյուրին կընտրի 10-ական թիմ՝ 7 անվանակարգում: Դրանք են՝  նյութեր եւ արտադրություն (Materials & Manufacturing), ֆինանսական ծառայություններ (Financial Services), փոխադրամիջոցներ եւ տրանսպորտ (Mobility & Transportation), բիզնես եւ արտադրողականություն (Business & Productivity), կյանքի մասին գիտություններ եւ գյուղատնտեսություն (Life Sciences & Agriculture), էներգիա եւ կոմունալ ծառայություններ (Energy & Utilities), Լայֆսթայլ եւ ժամանց (Lifestyle & Entertainment):
 
Ընտրված 70 թիմերը կստանան բացառիկ մենթորինգ Pioneers Ventures-ի կողմից, կներկայացնեն իրենց ստարտափը Mentors Day-ի շրջանակում՝ ընդրգկվելով 3-շաբաթյա մենթորինգի ծրագրում եւ մայիսի 23-ին Challenge Day-ի շրջանակում կներկայանան 300-ից ավելի միջազգային ներդրողների:

Pioneers Challenge-ին մասնակցությամբ էլ կորոշվի այն ստարտափը, որը կճանաչվի The Pioneer of the Year:

«Դեռ 2009թ. մենք սկսեցինք առաքելությունը՝ աջակցելու նորարար եւ վաղ շրջանում գտնվող ձեռներեցներին՝ հաջողության հասնելու ճանապարհին, եւ հենց այդ ընթացքում հիմնադրվեց Pioneers Festival-ը: Առաջին շրջանում մենք ֆինանսական աջակցության կարիք ունեինք՝ միջոցառումն իրականություն դարձնելու համար, բայց միշտ էլ ցանկացել ենք ինքներս ստարտափներին անվերապահ աջակցություն տրամադրել, ինչն էլ այսօր արդեն կարող ենք անել»,- նշել է Pioneers-ի համահիմանդիր եւ գլխավոր տնօրեն Անդրեաս Չասը (Andreas Tschas):

Միջոցառմանը ներկա են լինելու այնպիսի աքսելերատորներ եւ ներդրողներ, ինչպիսիք են 500 Startups-ը, Index Ventures-ը, Techstars-ը, HAX-ը, Accel-ը, Valar-ը, Highway1-ը, Startupbootcamp-ը եւ indiebio-ն:

Itel.am-ին հայտնի է դարձել նաեւ, որ կազմակերպիչները նախատեսում են ֆինանսավորել Pioneers500-ից 10 ստարտափի ճանապարհածախսն ու կեցության ծախսերը: Այդ մասին կպատմենք լրացուցիչ:
 
Նարինե Դանեղյան