16:20 | 04.12.15 | Նորություններ | 5424

Beeline-ն ամփոփել է 2015թ. գործունեությունը

Beeline-ը 2015թ. բջջային սեգմենտում գրանցել է «բաժանորդային բազայի ռեկորդային աճ», որը կազմել է շուրջ 100 հազ. հաճախորդ:

Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ ամփոփելով 2015թ. գործունեությունը:

Նա նշել է, որ Հայաստանում Beeline-ը ճանաչվել է որպես «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր»: Ինչ վերաբերում է ընկերության բրենդային սմարթֆոններին, ապա Անդրեյ Պյատախինի խոսքով, դրանք ամբողջ տարվա ընթացքում վաճառքների առաջատար են եղել հայաստանյան շուկայում. մեկ տարվա ընթացքում իրացվել է շուրջ 25 հազ. Beeline սմարթֆոն եւ պլանշետ:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը նշել է, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ընկերությունն իրականացրել է շուրջ 80 ծրագիր Երեւանում եւ բոլոր մարզերում:

«Հաճախորդների սպասարկման ոլորտում հատկանշական է Facebook սոցիալական ցանցում հաճախորդների սպասարկման ծրագրի ներդրումը, ինչպես նաեւ հաճախորդների հավատարմության ցուցանիշի` Net Promoter Score (NPS) բարձրացմանն ուղղված գլոբալ ծրագիրը, որի հարցումներին մասնակցել է ընկերության ավելի քան 125 հազ. բաժանորդ։  Հարցումների նպատակն է բաժանորդների տեսանկյունից բացահայտել ընկերության զարգացման ամենանշանակալի ուղղությունները, մասնավորապես, խոսքը վերաբերում է հաճախորդամետության գործընթացին, սպասարկման որակի բարձրացմանը, նոր ապրանքների, ծառայությունների եւ հավելվածների մշակմանը, ինչպես նաեւ ցանցի զարգացմանը»,- նշել է Անդրեյ Պյատախինը: 

Նա տեղեկացրել է, որ հաճախորդների հետադարձ կապի շնորհիվ ընկերությունը ստացել է ավելի քան 13 հազ. արձագանք եւ ավելի քան 11 հազ. առաջարկ: 

«Տվյալների այս վերլուծությունը հիմք հանդիսացավ ծառայությունների, սակագնային փաթեթների եւ սարքավորումների համար առավելագույն մատչելի գների առաջարկման քաղաքականությունը շարունակելուն, ընդ որում, այս ամենին միանալը, գնելը կամ օգտվելը նախկինի նման պարզ է եւ հարմար: Beeline-ի աշխատակիցները սկսել են օգտագործել MQA հատուկ հավելվածը: Այն ներբեռնվում է հեռախոսի միջոցով եւ ֆոնային ռեժիմով հնարավորություն է տալիս մշտապես հետեւել բջջային ցանցի եւ ինտերնետի որակին»,- ասել է Անդրեյ Պյատախինը:
 
Նրա խոսքով՝ այս ամենը խթան է հանդիսացել, որ գրեթե ամբողջովին վերացվեն բջջային կապի ծածկույթի թույլ գոտիները:

«2015թ. ընկերությունը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել մի շարք խոշոր ծրագրերի իրականացնելուն` ձգտելով գործով ցույց տալ իր սերը հաճախորդների նկատմամբ, ունենալ սոցիալական ուղղվածություն եւ, որն ամենակարեւորն է, լավագույն գնով առաջարկել պարզ եւ հարմար ծառայություններ: Մենք մեր բաժանորդներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել առաջիկա հարցմանը եւ գնահատել այս տարվա ընթացքում մեր ընկերության աշխատանքը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը:

Անդրեյ Պյատախինը հավելել է, որ 2016թ. ընկերությունը կշարունակի ակտիվորեն աշխատել զարգացման եւ կորպորատիվ պատասխանատվության բոլոր ուղղություններով: