15:02 | 02.12.15 | Հոդվածներ | exclusive 17662
Այս տարվանից Երեւանում գործում է Armenian Code Academy կրթական կենտրոնը, որի նպատակն է որակյալ կրթություն տրամադրել շնորհալի երիտասարդներին եւ աջակցել նրանց աշխատանքի տեղավորման հարցում։
Կենտրոնի հիմնադիրներն են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՄՖՏԻ) եւ Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) շրջանավարտներ Կարեն Շարաֆյանը, Նարեկ Ասլիկյանը եւ Դավիթ Ազնաուրովը:
Armenian Code Academy-ն համագործակցում է հայաստանյան մոտ 10 ընկերությունների հետ, որոնց թվում են Zangi-ն, SFL-ը, Workfront-ը եւ այլն:
Itel.am-ի հետ զրույցում Կարեն Շարաֆյանը նշել է, որ ՏՏ ոլորտի հիմնական խնդիրը Հայաստանում բարձրորակ կադրերի պակասն է, եւ որ իրենք նպատակ ունեն նպաստել ոլորտի արագ զարգացմանը՝ ընկերությունների համար որակյալ կադրեր պատրաստելու միջոցով:
«Ներկա իրավիճակում հայկական համալսարաններն ի վիճակի չեն բավարարել գերարագ տեմպերով աճող ՏՏ ոլորտի պահանջարկը՝ ինչպես քանակապես, այնպես էլ որոշ դեպքերում` որակապես։ Այսպիսով, ՏՏ ոլորտի ընկերությունները ստիպված են զգալի գումարներ ներդնել կադրերի որոնման եւ պատրաստման գործում։ Միեւնույն ժամանակ, շատ քիչ ընկերություններ ունեն նման հնարավորություն, ինչը զգալիորեն դանդաղեցնում է ոլորտի զարգացումը»,- ընդգծել է նա:
Կարեն Շարաֆյանը նշել է, որ խնդրի լուծման համար իրենք ներգրավում են ոլորտի լավագույն մասնագետներին եւ կազմում անհատական ծրագրեր՝ հիմնվելով ՏՏ ոլորտի ընկերությունների պահանջների վրա:
«Դասընթացներն այս պահին տեւում են վեց ամիս, բայց առաջիկայում կունենանք նաեւ ավելի կարճ եւ ավելի երկար դասընթացներ։ Ամեն երկու ամիսը մեկ կազմակերպվում է գնահատման օր՝ հաքաթոնների եւ ապագա գործատուների հետ հարցազրույցների տեսքով, որը նպատակ ունի հեշտացնել ուսանող-գործատու կապը: Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները ստանում են բարձր վարձատրվող աշխատանքի հրավերներ: Բոլոր դասընթացներն ունեն անվճար տեղեր, իսկ աշխատանքի հրավերը ընդունելու դեպքում ուսանողները ստանում են ուսման վարձի 50% փոխհատուցում»,- տեղեկացրել է Կարեն Շարաֆյանը:
Armenian Code Academy-ում այս պահին ընթանում են Web եւ Android ծրագրավորման դասընթացները, ընթանում է ընդունելություն iOS ծրագրավորման դասընթացին միանալու համար:
Մոտ ապագայում դասընթացները հասանելի կլինեն նաեւ առցանց՝ շնորհիվ մշակվող օնլայն հարթակի, որը կմիավորի ուսանողներին եւ գործատուներին մեկ վայրում։
Ընկերությունը ծրագրում է նաեւ ներգրավել արտասահմանցի դասախոսների, իսկ հաջորդ տարի՝ կենտրոններ հիմնել մարզերում:
Կարեն Շարաֆյանը հավելել է, որ դասընթացներից բացի ծրագրում են գիտական լաբորոտորիաներ հիմնել, որոնք հնարավորություն կտան երիտասարդ հայ գիտնականներին աշխատել ՏՏ ոլորտի արդի խնդիրների լուծման ուղղությամբ՝ լինելով մրցունակ ամբողջ աշխարհում։ Առաջին գիտական լաբը պլանավորվում են հիմնել արդեն 2016թ. գարնանը։
Նարինե Դանեղյան