14:10 | 30.11.15 | Նորություններ | 3376

MediaGuardian 100. Մեդիայում շարունակում են գերիշխել տեխնո դեմքերը

Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը այսօր հրապարակել է իր ամենամյա MediaGuardian 100 վարկանիշը` ներկայացնելով 2015թ. լրատվամիջոցներում գերիշխող դեմքերին:

15-րդ անգամ հրապարակվող ցանկում ներառված է 9 բնագավառ՝ գովազդ, արտադրություն, հեռարձակում, հանրային կապեր, երաժշտություն, տաղանդ, քաղաքականություն, տեխնոլոգիաներ/սոցիալական, տպագիր/հրատարակչություն:

Ուշագրավ է, որ վարկանիշի թոփ եռյակում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են:
 
Այսպես, առաջատարը Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, որին հաջորդում են Google-ի համահիմնադիր Լարրի Փեյջը եւ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը:

7-րդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, իսկ Snapchat մեսենջերի հիմնադիր 25-ամյա Էվան Շպիգելը 17-րդն է: 19-րդում տեղում Instagram-ի գործադիր տնօրեն Քեւին Սիստրոմն է:

26-րդ եւ 27-րդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար BuzzFeed-ի հիմնադիր Ջոնա Պերետտին եւ Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին:

Ի դեպ, 2014 թ. վարկանիշի թոփ եռյակում եւս նույն դեմքերն էին: Վարկանիշը գլխավորում էր Լարրի Փեյջը, որին հաջորդում էին Մարկ Ցուկերբերգը եւ Թիմ Կուկը:

2015թ. վարկանիշի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: