10:32 | 30.11.15 | Նորություններ | exclusive 3180
Այս տարվա հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի շրջանակում հայկական 26 ՏՀՏ ընկերություն այցելել է եվրոպական 18 երկիր:
Ընդհանուր առմամբ, կազմակերպվել էր 12 պաշտոնական եւ ավելի քան 30 անհատական հանդիպում Վիեննայում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում եւ Սոֆիայում:
Միջոցառման ընթացքի եւ դրա կարեւորության մասին Itel.am-ը զրուցել է ծրագրի մասնակից, «Սայբեր Գեյթս» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի հետ:
«Այս միջոցառումը դրական ազդեցություն ունեցավ մեր կազմակերպության առաջխաղացման հարցում: Բոլոր հանդիպումները կազմակերպված էին բարձր մակարդակով: Հանդիպումներ ունեցանք մի շարք եվրոպական ընկերությունների ներկայացուցիչների հետ, եւ մի քանի լուրջ առաջարկներ ստացանք»,- պատմել է նա:
Հաջողված հանդիպումներից Սամվել Գեւորգյանն առանձնացրել է լեհական Կատովիցե քաղաքում տեղեկատվական անվտանգության ոլորտում առաջատար «ForProgress» ընկերության ներկայացուցիչ Բետա Դիչեվսկայի հետ կայացած հանդիպումը:
«Ընկերությունը նախապես նպատակ ուներ իր ծրագրային լուծումներով ներխուժել հայաստանյան շուկա, հետեւաբար, որպես ոլորտում առաջատար ընկերություն, առաջարկ ստացանք դառնալ նրանց ներկայացուցիչը Հայաստանում: Հանդիպման արդյունքում տեսնելով մեր նորարարական լուծումներն ու պոտենցիալը, նրանք մտափոխվեցին՝ առաջարկելով դառնալ մեր ներկայացուցիչը Լեհաստանում, ինչը ողջունելի է»,- ընդգծել է Սամվել Գեւորգյանը:
Որպես մյուս կարեւոր հանդիպում, Սամվել Գեւորգյանն առանձնացրել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի հետ Միլանում կայացած հանդիպումը:
«Դեսպանի խոսքով նրանց կողմից կազմակերպված գրեթե բոլոր միջոցառումները ձախողվում են ադրբեջանական եւ թուրքական հաքերային խմբավորումների կողմից կատարված հաքերային հարձակումների պատճառով: Ծանոթանալով մեր ընկերության բազմամյա փորձին եւ առաջարկվող պրոֆեսիոնալ լուծումներին, դեսպանի կողմից առաջարկվեց մեր վերահսկողությանը հանձնել դեսպանատան օնլայն ռեսուրսները՝ ապահովելով դրանց անխափան աշխատանքը»,- նշել է «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի տնօրենը:
Սամվել Գեւորգյանը աշխատանքից եւ գործնական հանդիպումներից բացի կարեւորել է նաեւ շրջայցը եվրոպական երկրներ եւ ընձեռնված հնարավորությունը՝ ծանոթանալու այդ երկրների մշակույթին:
Նարինե Դանեղյան