10:58 | 16.11.15 | Հոդվածներ | exclusive 8215

Հայաստանը Web Summit-ում. ամփոփում

Նոյեմբերի 3-5-ը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է ամենահեղինակավոր ՏՏ կոնֆերանսներից մեկը՝ Web Summit-ը, որին մասնակցել են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Tesla and SpaceX-ի հիմնադիր Էլոն Մասկը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, Skype-ի հիմնադիր Նիկլաս Զենսթրոմը, Dropbox-ի հիմնադիր Դրյու Հյուսթոնը:

Ֆորումը հյուրընկալել է 100 երկրից ավելի քան 30 հազ. մարդու, այդ թվում՝ 700 խոսնակի, 1500 հավատարմագրված լրագրողի:

Web Summit-ին մասնակցելու նպատակով Դուբլին են մեկնել նաեւ մի շարք հայկական ընկերություններ, որոնք ֆորումից ստացած իրենց տպավորությունները կիսել են Itel.am-ի հետ:

Teamable

Web Summit-ը Teamable ընկերությանը բազմաթիվ նոր հաճախորդներ է տվել եւ մեծաքանակ կապեր: Itel.am-ին ընկերության համահիմնադիր Մերուժան Դանիելյանը պատմել է, որ իրենց համար կարեւոր են եղել հատկապես մարդկանց հետ ուղիղ շփումները:



«Ֆորումին ներկա էին միանգամից մի քանի տեսակի խմբեր՝ ստարտափ աշխարհի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, նոր ռեսուրսներ փնտրող մեծ թվով ընկերություններ, որոնք կարիք ունեն այնպիսի գործիքների, որոնք առաջարկում է Teamable-ը: Բացի այս երկուսից, ներկա էին նաեւ վենչուրային ֆոնդեր, որոնք հետաքրքրվել են Teamable-ի պրոդուկտում ներդրումներով»,- պատմել է Մերուժան Դանիելյանը: 

Develandoo

2014թ. հիմնադրված Develandoo ընկերությունը զբաղվում է վեբ եւ մոբայլ ծրագրերի մշակմամբ: Web Summit-ին մասնակցում էր առաջին անգամ:

Ընկերության գլխամասը Շվեյցարիայում է եւ ունի մասնաճյուղեր Գերմանիայում (Մյունխեն) եւ Հայաստանում (Երեւան, Գյումրի):

Itel.am-ի հետ զրույցում ընկերության երեւանյան գրասենյակի համակարգող Վահե Եփրեմյանը նշել է, որ ֆորումին մասնակցության հիմնական նպատակն էր ծանոթանալ ոլորտի զարգացումներին եւ ձեռք բերել նոր գործընկերներ:



«Դա մեզ հաջողվեց: Հաստատեցինք նոր կապեր մասնակից այլ ընկերությունների հետ՝ ստեղծելով համագործակցության նորանոր հնարավորություններ: Ընկերությունները մեր նկատմամբ դրսեւորում էին մեծ հետաքրքրություն, քանի որ մեր ընկերությունում հայ ծրագրավորողների տաղանդը համակցված է գերմանական կազմակերպվածության հետ»,- ասել է նա:

Վահե Եփրեմյանի խոսքով՝ Դուբլինում կնքել են համագործակցության պայմանագրեր Սիլիկոնյան հովտում գործող մի շարք ընկերությունների հետ:

Նրա գնահատմամբ՝ ֆորումի շրջանակում հիմնական ուշադրությունը դարձվել է JavaScript-ին եւ Swift-ին վերաբերող տեխնոլոգիաներին:

«Հենց այդ նպատակով մենք փորձում ենք մեր հայաստանյան թիմում ընդգրկել լավագույն մասնագետներին, որոնք տիրապետում են նշված տեխնոլոգիաներին», -ասել է Վահե Եփրեմյանը:

ggTaxi

«Ֆորումը մեզ համար հետաքրքիր էր ընդհանուր զարգացվածության տեսակետից: Այն հնարավորություն տվեց ծանոթանալ նոր մարդկանց հետ, ընդհանրապես կապեր ստեղծելու հիանալի վայր էր»,- ասել է ggTaxi ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:



Նրա խոսքով՝ ֆորումը հատկապես օգտակար էր այն ընկերությունների համար, որոնք ունեն պատրաստի պրոդուկտ եւ ցանկանում են այն վաճառքի նպատակով ներկայացնել այլ ընկերությունների:

Խաչատուր Գրիգորյանը հավելել է, որ ֆորումի ավարտից հետո մեկնել են Ամստերդամ, որտեղ հանդիպում են ունեցել Rockstart աքսելերատորի գլխավոր տնօրենի հետ:

Ucraft.me 

Ucraft.me ընկերության տնօրեն Գեւորգ Բալյանն էլ նշում է, որ Web Summit-ին մասնակցելը դրական է, սակայն այն շատ ավելի օգտակար կարող է համարվել այն ստարտափների համար, որոնք դեռ ներդրումներ չունեն:



«Դուբլինում նոր կապեր ենք հաստատել, շատերը հետաքրքրվեցին մեր պրուդուկտով: Գործնական առաջարկ ստացանք Լոնդոնում բնակվող մի ներդրողից: Սակայն մերժեցինք, քանի որ վերջինս առաջարկում էր ինձ եւ դիզայն թիմին մեկնել Լոնդոն այնտեղ շարունակելու, այդ դեպքում նրա պահանջով պետք է թողնեինք ծրագրավորողների այստեղի մեր թիմին: Ես շատ եմ գնահատում իմ թիմը եւ չէի կարող առաջարկն ընդունել»,- նշել է Գեւորգ Բալյանը: 
 
Truthly

Simply Technologies ընկերության համահիմանդիր եւ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ադամյանի խոսքով՝ գագաթաժողովի շրջանակում հնարավորություն են ունեցել կապեր հաստատել աշխարհի տարբեր ծայրերից ընկերությունների հետ, օր, Բրազիլիա, Հրվ․ Աֆրիկա, ԱՄՆ, եվրոպական երկրներ եւ այլն։

«Ներկայացնում էինք Truthly պրոդուկտը, եւ բավական հետաքրքրություն նկատեցինք ինչպես պոտենցիալ օգտատերերի, այնպես էլ ներդրողների կողմից։ Վստահ եմ, որ նոր կապերը կամրապնդեն մեր դիրքը համաշխարհային շուկայում»,- նշել է նա։



Ալեքսանդր Ադամյանն ընդգծել է, որ միջոցառումը բավական լավ է կազմակերպված եղել:

«Առավոտից բոլորը հավաքվում էին վայրում, ներկայացնում իրենց, լսում ելույթները, իսկ արդեն երեկոյան Դուբլինում հայտնի փաբերում ընթանում էր ոչ պաշտոնական մասը»,- ասել է նա։

Ալեքսանդր Ադամյանը նաեւ խոստովանել է, որ ավելի կարեւոր կապեր ձեռք են բերել միջոցառումից հետո՝ Ամստերդամում, որտեղ հանդիպում են ունեցել RockStart աքսելերատորի հետ։

Ֆորումի ելույթներից էլ նա առանձնացրել է Pixar ամերիկյան անիմացիոն ընկերության նախագահ Էդվին Քեթմելլի ելույթը։

SFL 

SFL թիմի առաջատար Java ծրագրավորող Ռուբեն Դիլանյանը նշել է, որ ֆորումին մասնակցում էին Qlim B.V. պրոդուկտով։

«Վերջինս մեր հոլանդական գործընկերոջ հետ համատեղ նախաձեռնություն է, որն օգնում է մարդկանց նախապես ռեզերվ անել ավտոմեքենայի լվացման վայրը»,- տեղեկացրել է նա։



Ռուբեն Դիլանյանի խոսքով՝ WebSummit-ին մասնակցությունը մեծ ներդրում է ունեցել  պրոդուկտի ճանաչմանը:

«Qlim-ով հետաքրքրվեցին մի խումբ ներդրողներ, որոնցից մի քանիսի հետ արդեն սկսված են գործնական բանակցություններ: Միանշանակ է, որ նոր պրոդուկտի առաջախաղացման համար ավելի լավ միջոցառում պատկերացնելը դժվար է: Եվ իհարկե, շատ ուրախալի էր հանդիպել մի շարք հայկական ստարտափների. սա եւս մեկ անգամ փաստեց, որ ՏՏ ոլորտը Հայաստանում մեծ ապագա ունի»,- եզրափակել է Ռուբեն Դիլանյանը։

Նարինե Դանեղյան