10:27 | 11.11.15 | Նորություններ | 4530
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղադրվել է 47 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ:
Ծրագրի իրականացման արդյունքում գյուղի կենտրոնական մասում լուսավորությամբ է ապահովվել շուրջ 1450մ երկարությամբ տարածք:
LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը՝ 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչեւ 00:00-ը: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:
«Այս ծրագրի հիմքում կա երկու բաղադրիչ՝ բնապահպանական եւ սոցիալական: Դրանք մեզ համար կարեւոր են հավասարապես: Նորագույն այս տեխնոլոգիայի միջոցով մենք մի կողմից նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանությանը, մյուս կողմից՝ թեթեւացնում ենք գյուղացու սոցիալական բեռը: Լիճքի փողոցները կլուսավորվեն՝ էներգախնայողության ռեժիմով: Այս աջակցությունը կարեւոր է նաեւ հոգեբանական տեսանկյունից: Տարրական հարմարությունների բացակայությունը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա: Մենք ձգտում ենք փոխել ոչ միայն կյանքի պայմանները, այլեւ ավելացնել վաղվա օրվա նկատմամբ՝ մեր հայրենակիցների հավատը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: