Նոյեմբերի 9-ին բացվել է «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության եւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի կազմակերպած՝ ՏՏ ոլորտի ընկերությունների 2015թ. շախմատի մրցաշարը:
«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ բացմանը ներկա են եղել գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանը, Լեւոն Արոնյանը եւ Սմբատ Լպուտյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ մրցաշարի մասնակից 19 կազմակերպությունների 22 թիմերը:
Գրոսմայստերները ողջունել են ՏՏ-ի եւ շախմատի միավորումը եւ հաջողություն մաղթել բոլոր մասնակիցներին:
«Գիտեք, մենք մտածող ազգ ենք: Հայերն ուժեղ են ինչպես շախմատից, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաներում, եւ երկու ոլորտներում էլ ունենք իրական նվաճումներ: Իսկ, երբ այս երկու ոլորտները միավորվում են, դա իսկապես հրաշալի է»,- նշել է Լեւոն Արոնյանը:
Բացման արարողության ժամանակ թիմերի ավագները ներկայացրել են իրենց կազմակերպությունը եւ թիմի անդամներին, այնուհետ Լեւոն Արոնյանի օգնությամբ տեղի է ունեցել վիճակահանություն, եւ որոշվել են 1-ին տուրի զույգերը:
Մասնակիցներից ոմանք նաեւ հնարավորություն են ունեցել իրենց ուժերը փորձելու Լեւոն Արոնյանի հետ:
Մրցաշարի առաջին խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժ. 12:00-16:00-ը, երկրորդը՝ նոյեմբերի 21-ին՝ ժ. 12:00-16:00-ը, Շախմատի ակադեմիայում (Շեւչենկո 34):
Մրցաշարի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել chess.arm.synisys.com կայքում: