14:54 | 02.11.15 | Հարցազրույցներ | exclusive 6888

Հանս Լունդբերգ. ՀՀ-ն պետք է դիմակայի ՏՏ ուղեղների արտահոսքի մարտահրավերին

Հայ-ռուսական համալսարանում հոկտեմբերի վերջին տեղի է ունեցել Եվրոպական կառավարման ակադեմիայի (EURAM) փոխնախագահ, Լինեուս համալսարանի ձեռներեցության եւ բիզնեսի պրոֆեսոր Հանս Լունդբերգի «Սովորելը՝ որպես ձեռնարկատիրական գործընթաց» թեմայով դասախոսությունը:

Միջոցառումն իրականացվել է «Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում ցկյանս ուսուցման համագործակցության զարգացման ընդհանուր հարթակի զարգացում» ԵՄ Տեմպուսային ծրագրի շրջանակում, որի հիմնական նպատակն է խրախուսել ակտիվ քաղաքացիությունը, անհատի զարգացումը, մրցակցությունը եւ աշխատանքային զբաղվածությունը Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում:

Itel.am-ը բացառիկ զրույց է ունեցել Հանս Լունդբերգի հետ:

-Ինչպիսի՞ն են նախնական տպավորությունները հայաստանյան էկոհամակարգի մասին:

-Դուք լավ ավանդույթներ ունեք գիտության տարբեր ոլորտներում, եւ խոսքը միայն ՏՏ-ի մասին չէ: Պետք է նշել, որ տեխնոլոգիական նորարարությունների լավ հիմք է առկա, եւ դրանց վրա հիմնվելով՝ կարելի է զարգանալ: Հիմա մեր նպատակն է ավելի լայնացնել այդ հիմքը:

Սակայն շատ հաճախ տեխնոլոգիական նորարարություններին չափից ավելի մեծ կարեւորություն է տրվում, եւ հետեւաբար բաց է թողնվում այն, ինչն իրականում շուկան ունի: Նորարարությունները բազմատեսակ են եւ կարող են տարատեսակ ոլորտներ ընդգրկել: Պետք չէ մյուս ոլորտներն անտեսել, այլ ընդհակառակը՝ դրանք հարկավոր է ներգրավել ձեր ոլորտում:

-Ի՞նչ մարտահրավերներ կարող եք առանձնացնել ստարտափ էկոհամակարգի համար:

-Այս փուլում Հայաստանը պետք է դիմակայի ՏՏ ուղեղների արտահոսքի մարտահրավերին: Երբ ոլորտը զարգանում է, սկսում են տարբեր միություններ կնքվել արտաքին դերակատարների հետ, հետո առաջանում է կարիերան դրսում շարունակելու հնարավորություն, ցանկություն: Պետք է կարողանալ ստեղծված արժեքները պահել երկրի ներսում: Եթե ձեր լավագույն տաղանդները սկսում են աշխատել վերազգային կորպորացիաների համար, ապա դա որեւէ կերպ օգուտ չի տալու Հայաստանին:

Հաջորդ հարցը հայ ձեռնարկատերերի տեղական մշակույթի ձեւավորումն է, ձեռնարկատերերի, որոնք տեղում կստեղծեն հայկական «գուգլներ» եւ «ֆեյսբուքներ»: Դրա համար հարկավոր են խելամիտ հարկային պայմաններ եւ ոչ միայն: Ստեղծվող բրենդը պետք է լինի ոչ թե ուղղակի «Made in Armenia», այլ «Created in Armenia» եւ «Stays in Armenia»:

Այդ երիտասարդները, իրենց հիմնական գործառույթներից բացի, պետք է ակտիվ դերակատարում ունենան համայնքի ստեղծման, հասարակական կարծիքի ձեւավորման հարցերում: Նրանք պետք է իշխանություններին կարողանան հասկացնել, որ այստեղ են ոչ միայն իրենց պրոդուկտի եւ շուկայի համար աշխատելու, այլեւ վճռական են իրենց դերն ունենալու նոր՝ ուրիշ Հայաստան կառուցելու հարցում:

Կարեւոր է նաեւ PR-ի եւ օրենսդրության հետ կապված հարցերը: Հարկավոր է ոչ թե պարզապես դասընթացներ անցկացնել այն թեմայով, թե ինչպես հիմնել ընկերություն, այլ թե ինչպես համագործակցել այս կամ այն օղակի հետ, ինչպես մեդիայի հետ աշխատել: Սրանք ներքին հարցեր են, որոնցով պետք է զբաղվել ստարտափ էկոհամակարգի ներսում: 

-Հաշվի առնելով ներկայիս գլոբալ միտումները, ըստ Ձեզ՝ ո՞ր շուկաների վրա ստարտափները պետք է ուշադրություն դարձնեն:

-Կարծում եմ՝ մրցակցությունը խոշոր շուկաներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, չափազանց մեծ է: Բայց միեւնույն ժամանակ, եթե այնտեղ հաջողության հասար, ապա ամենուր կհասնես հաջողության: Դա ուսուցանող ճամփորդություն է:

Թե որ շուկան է ճիշտ որեւէ պրոդուկտի դեպքում, կարող է ցույց տալ միայն այդ պրոդուկտի համար անցկացվող շուկայի հետազոտությունը: Այնուամենայնիվ, կարեւոր է դիտարկել նաեւ զարգացող շուկաները: Դրանք ամենուր են, բոլոր մայրցամաքներում:

Իմ խորհուրդը կլինի հետեւյալը՝ շարունակեք ջանքեր գործադրել հաստատվելու արդեն զարգացած եւ հայտնի շուկաներում, սակայն միաժամանակ ուսումնասիրեք զարգացող շուկաները եւ զարմացնող քայլեր արեք: Գնացեք այնպիսի շուկաներ, որտեղ ձեր ներկայությունը մարդկանց կզարմացնի: Զարգացող տնտեսության ներթափանցումը մեկ այլ զարգացող տնտեսություն` այ, դա կարող է զարմացնել:

Հենց այդպիսի շուկաներում հաստատվելիս կցանկանայի տեսնել երիտասարդ հայ ձեռնարկատերերին:

Հանս Լունդբերգի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը