09:52 | 22.10.15 | Հարցազրույցներ | exclusive 7086

Վիտալի Ֆրիդման. Հայաստանյան ՏՏ ոլորտում գիտելիքի մակարդակը բարձր է

Հոկտեմբերի 11-ին Երեւանում առաջին անգամ անցկացվել է UX Yerevan վարպետության դասընթացը, որը վարել է UX (User Experience) մասնագետ, Smashing Magazine ինտերնետ ամսագրի համահիմնադիր, գերմանաբնակ Վիտալի Ֆրիդմանը:

UX մասնագետների գործառույթը օգտատիրոջ հարմարավետության ապահովումն է:

UX Yerevan-ին մասնակցել է ՏՏ ոլորտի շուրջ 140 ներկայացուցիչ՝ դիզայներներ, ծրագրավորողներ, ճարտարագետներ, UX դիզայներներ:

Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Վիտալի Ֆրիդմանի հետ:

-Ի՞նչ տպավորություններ ստացաք Հայաստանից եւ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներից:

-Այստեղ գտնվելու ընթացքում հայկական մշակույթի մասին շատ նոր եւ հետաքրքիր բաներ եմ սովորել: Այդ տեղեկատվությանը դրանից առաջ չէի տիրապետում: Ունեցա հնարավորություն զրուցելու հայ դիզայներների եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: 
 
Ինձ առավելապես տպավորել էր այն, որ գիտելիքի մակարդակն այստեղ բավական բարձր է: Այլ երկրներում, անգամ Գերմանիայում, երբ դասընթաց ես վարում, հանդիպում ես գիտելիքի տարբեր մակարդակներ ունեցող մասնակիցների հետ:

Հայաստանում դասընթացին շուրջ 140 հոգի էր մասնակցում: Չնայած նրան, որ կիրակի էր եւ տոն (Էրեբունի-Երեւան տոնակատարություն – խմբ.), շատերը մնացին մինչեւ 19:00-ը, ինչը չափազանց տպավորիչ էր: Եվ այո, ինձ շատ է դուր եկել հայկական խոհանոցը (ծիծաղում է – խմբ.):


Վիտալի Ֆրիդմանը՝ Մեդիամաքսի գրասենյակում

Հետաքրքիր էր գալ այստեղ եւ բացահայտել, թե ինչ է կատարվում ոլորտում: Ինձ համար դա հարուստ փորձ էր: Կցանկանայի տարածաշրջանում տեղի ունեցող ավելի շատ զարգացումներ տեսնել, քանի որ ինձ իրոք հետաքրքիր է, թե այստեղից ինչ նախագծեր կարող են դուրս գալ:

Եթե աշխատում եք Հայաստանում հետաքրքիր նախագծի վրա, ինձ հետաքրքիր է տեսնել, թե ինչ է այն իրենից ներկայացնում, եւ ինչ տեխնոլոգիաներ եք օգտագործել այն պատրաստելիս: Քանի որ տարածաշրջանից եկող լուրերի մեծ մասը տեղական լեզուներով են կամ ռուսերեն, Եվրոպայում բնակվողների համար այնքան էլ հեշտ չէ տիրապետել այդ տեղեկատվությանը:

- Չնայած տեղեկատվության պակասին՝ մինչ այս այցը ի՞նչ գիտեիք հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացումների մասին:

-Ինչ վերաբերում է ստարտափներին, ապա այստեղ նրանց չեմ հանդիպել: Շատ եմ լսել Հայաստանի՝ որպես աութսորսինգ երկրի մասին: Օրինակ, մի անգամ զրուցում էի գերմանական մի ընկերության հետ, եւ նրանք հիշատակեցին, որ իրենց ընտրությունը կանգնել է Հայաստանի եւ Բելառուսի վրա՝որպես աութսորսինգ երկիր: Ասացին, որ իրենք այդ երկու երկրները նախընտրում են ավելի, քան, օրինակ, Հնդկաստանը: Վերջինում, ճիշտ է, շատ բան կարելի է անել, սակայն կրեատիվ չեն, չգիտեն ինչպես խելացի ձեւով աշխատել: Ի հակադրություն դրա՝ Հայաստանում մարդիկ ժամանակ են ներդնում գործը ճիշտ ձեւով անելու համար:

-Այստեղ ստարտափների չեք հանդիպել, սակայն, ըստ ձեզ, ինչպե՞ս կարելի է ստարտափը վերածել հաջողակ բիզնեսի:

-Լավ բիզնես մոդելի օգնությամբ: Կարծում եմ՝ պետք է կարողանալ ճիշտ գաղափարը ճիշտ ժամանակին ներկայացնել: Այստեղ շատ մեծ չափաբաժնով հաջողություն է հարկավոր: Երբ նախագիծ եք սկսում, սկզբում մտածեք բովանդակության մասին: Իսկապես կարեւոր է լավ պատկերացում ունենալ բովանդակության եւ կառուցվածքի մասին, որի վրա հետագայում պետք է աշխատեք:

-Հայաստանում UX դիզայների մասնագիտությունն այնքան էլ տարածված չէ: Ըստ ձեզ, UX դիզայների գործը կարո՞ղ են անել, օրինակ, դիզայներները կամ տարբեր այլ մասնագետներից բաղկացած թիմը:

-Երբ ես նոր էի սկսում, ամեն ինչ շատ պարզ էր: Կային դիզայներներ, որոնք անում էին վիզուալ աշխատանքը, եւ դեվելոփերներ, որոնք կոդ էին գրում: Ներկայում ամեն ինչ շատ բարդ է: Չեմ կարծում, որ front end դեվելոփերը, որը մասնագիտացած է միայն դեվելոփմենթի մեջ, պարտադիր կարող է նաեւ ինտերակտիվ դիզայնով (interaction design) զբաղվել: Եթե հանկարծ գտնեք մասնագետի, որը կարող է պրոֆեսիոնալ կերպով միաժամանակ անել ինտերակտիվ դիզայն, front end, back end եւ UX design, պինդ պահեք նրան եւ վճարեք այնքան, որպեսզի ձեզանից չհեռանա:

Նման լավ մասնագետներ գտնելն իսկապես դժվար է, կարելի է ասել՝ անհնար: Եթե նայեք Եվրոպայում աշխատանքի հայտարարություններին, ապա նշվում է, որ այսինչ ընկերությանը հարկավոր է UX հետազոտող (UX researcher): Դա այն մարդն է, որը UX հետազոտություն է անցկացնում ամեն օր: Եթե դուք բարդ համակարգի հետ եք աշխատում, ապա ձեզ, ամենայն հավանականությամբ, 1-5 UX հետազոտող է հարկավոր:

Վիտալի Ֆրիդմանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը