12:28 | 27.10.15 | Նորություններ | 2618
Orange Հիմնադրամը ազդարարել է 2015թ. մայիսին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում մեկնարկած «Մեկ գյուղ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները:
Այս նախագծին Orange Հիմնադրամը հատկացրել է 52 մլն դրամ: Սա երկրորդ նախագիծն է. առաջին «Մեկ գյուղ» ծրագիրն իրականացվել է 2014թ. Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:
Պառավաքարում իրականացված «Մեկ գյուղ» նախագծի շրջանակում համայնքում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ: Վերանորոգվել է գյուղի մանկապարտեզը, լուծվել է մանկապարտեզի խմելու ջրի խնդիրը: Խմելու ջրի մատակարարումը վերականգնվել է նաեւ համայնքի դպրոցի սաների համար:
Ծրագրի շրջանակում ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ են ուղղվել բժշկական ամբուլատորիայի վերանորոգման համար:
«Orange Հիմնադրամը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքերի, հատկապես սահմանամերձ գյուղերի, առօրյա խնդիրները: Մեծապես տպավորված ենք սահմանից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքի բնակիչների ամենօրյա քաջությամբ, եւ մեր պարտքն ենք համարում նպաստել նրանց առօրյա կյանքն ավելի բարեկեցիկ եւ մի փոքր դյուրին դարձնելու գործին»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Նախագծի շրջանակում նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացրել է «Շեն» բարեգործական կազմակերպությունը: