11:05 | 16.09.15 | Նորություններ | 1518

Like-ին այլընտրանք, բայց ոչ Dislike

Facebook-ը «Հավանել»՝ Like կոճակին այլընտրանք կստեղծի, սակայն խոսքը Dislike-ի մասին չէ:

Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, այս մասին հայտնի է դարձել ուղիղ եթերում կայացած հարց ու պատասխանի ժամանակ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից:

«Մարդիկ երկար տարիներ հարցնում էին «չհավանել» կոճակ ավելացնելու հնարավորության մասին: Այսօր հատուկ օր է, քանի որ կարող եմ հայտարարել, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Մարկ Ցուկերբերգը`ընդգծելով, որ նոր կոճակը հնարավորություն է տալու որոշակի տարբերակներով կարեկցանք արտահայտել:

«Ամեն ակնթարթ չէ, որ լավ ակնթարթ է: Եթե դուք տարածում եք մի բան, որը տխուր է, ինչպես օրինակ փախստականների ճգնաժամը, կամ էլ ընտանիքից որեւէ մեկը մահացել է, այնքան էլ հարմար չէ «Հավանել» այդ գրառումը»,- ասել է Մարկ Ցուկերբերգը:

Կանխատեսումների համաձայն՝ խոսքը ոչ թե մեկ կոճակի, այլ այլընտրանքային պատասխանների համակարգի մասին է, որոնք այնուամենայնիվ, չեն արտահայտի «հավանելու» ուղիղ հակառակ իմաստը:

Նշվում է, որ Facebook-ը ձեռնպահ է մնացել ավելացնել «Չհավանել» կոճակը՝ խուսափելով դառնալ Reddit-ին համանման համակարգ, որտեղ գործում են upvoting եւ downvoting կոճակները: