09:59 | 16.09.15 | Նորություններ | 1882

#CreateTogether հաքաթոնը՝ հոկտեմբերի 6-ին

Հոկտեմբերի 6-ին Կոլբա լաբը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, PicsArt-ը եւ CreateTogether թիմը նորարարության օրերի շրջանակում համատեղ կազմակերպում են մեկօրյա հաքաթոն:

Բոլոր նրանք, որոնք ունեն հետաքրքիր գաղափար, որը տեխնոլոգիական լուծման կարիք ունի, կարող են պատմել ծրագրի մասին, լրացնելով հայտը: Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է:

Հաքաթոնին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի գիտելիքներ (մոբայլ հավելվածների նախագծում, ծրագրավորում, կիբեր-անվտանգություն եւ այլն) ունեցողները, որոնք ցանկանում են աշխատել Սիլիկոնային հովտից ժամանած մասնագետների հետ:

#CreateTogether հաքաթոնը կհամախմբի աշխարհի տարբեր անկյուններից ժամանած նորարար մտածողությամբ մարդկանց, ՏՏ մասնագետներին, ձեռներեցներին ու ստեղծագործ մարդկանց: Հայաստանաբնակ մասնակիցներն ու ժամանած մասնագետները կաշխատեն միասին Երեւանում կայանալիք միջոցառմանը՝ ստեղծելով նոր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ:

Մեկօրյա համատեղ աշխատանքը կամփոփվի մշակված ապրանքների/ծառայությունների մրցույթով:

Հաքաթոնը նորարար ու տեխնոլոգիական հավաք է, որի ընթացքում ծրագրավորողներն աշխատում են միասին` կարճ ժամանակում ստեղծելով որեւէ տեխնոլոգիական ծառայություն/ապրանք (ապրանքի մոդելը): Միջոցառման ընթացքում մասնակիցները աշխատում են թիմերում, յուրաքանչյուր ոք միանում է այն գաղափարին, որն առավել հետաքրքիր է իրեն: