ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել են Հայրապետյանների կիսակառույց տան շինարարությանը:
Ավելի վաղ համագործակցող կողմերը եւս չորս ընտանիքի հոգս են լուծել նույն մարզի Խոր Վիրապ եւ Մարմարաշեն համայնքներում:
«Մենք սիրով եւ հպարտությամբ ենք մասնակցում այս ծրագրի իրականացմանը: Հաճելի է տեսնել, թե ինչպես է եւս մեկ ընտանիք թոթափում իր ուսերի բեռը եւ վերագտնում ապագայի հանդեպ հույսը: Եվ ամենեւին պատահական չէ, որ մենք մեր աջակցությունը չենք սահմանափակում միայն ֆինանսական ներդրմամբ: Շինարարական աշխատանքներում ներգրավվելու մեր աշխատակիցների պատրաստակամությունը խնդրի լուծման բարոյական կողմն է, ինչն ավելի կարեւոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծրագրի իրականացման համար 2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014թ.` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: