11:44 | 14.08.15 | Նորություններ | 4813
Արդեն վեցերորդ տարին անընդմեջ Orange Հիմնադրամի աջակցությամբ Երեւանից եւ ՀՀ մարզերից աուտիզմով երեխաներ խնամակալների եւ դաստիարակների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:
«Մեր համագործակցության վեց տարիների ընթացքում «Արաբկիր» բարեգործական հիմնադրամի հետ փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի աուտիզմով երեխաների ինտեգրմանը հասարակություն: Ամառային ճամբարը հատկապես կարեւոր է այդ նպատակին հասնելու համար, քանի որ այստեղ նրանք իրենց ամբողջ օրն անցկացնում են ուրիշ երեխաների հետ, միասին սովորում, միասին խաղում եւ հանգստանում», - ասաց Orange-ի Հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
Այս տարի «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում Orange Հիմնադրամը նաեւ ֆինանսավորելու է հատուկ բջջային հավելվածի ստեղծումը, որը կունենա հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներ եւ կդառնա աուտիզմով երեխաների համար ստեղծված առաջին հայալեզու հավելվածը՝ ինչպես Android, այնպես էլ iOS պլատֆորմների համար:
Հավելվածի ստեղծման վրա աշխատում են հայ ծրագրավորողներ՝ բժիշկ-մասնագետների հետ համագործակցությամբ: Այն գլխավորապես հիմնված է լինելու PECS մեթոդի վրա, որը Պատկերների միջոցով հաղորդակցման համակարգ է եւ այսօր լայնորեն օգտագործվում է աշխարհում աուտիզմով երեխաների հաղորդակցական հմտությունները զարգացնելու համար:
«Արդեն վեց տարի է՝ Orange Հիմնադրամի աջակցությամբ իրականացնում ենք այս հրաշալի ծրագիրը, որը թույլ է տալիս համապատասխան պայմաններ ստեղծել աուտիզմով երեխաների սոցիալական ինտեգրման եւ նրանց կյանքի որակի բարելավման համար: Վերջապես մեզ հաջողվեց կոտրել այն կարծրացած պատկերացումները, որոնք գոյություն ունեին մեր հասարակության մեջ աուտիզմի մասին: Շնորհիվ քրտնաջան թիմային աշխատանքի՝ հաջողվեց ստիպել հիվանդությանը նահանջել եւ ստանալ առաջին դրական արդյունքները», - նշել է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը: