10:39 | 30.07.15 | Հոդվածներ | exclusive 3542

FireChat-ը գործարկել է առանց ինտերնետի աշխատող առաջին մեսենջերը

Սան Ֆրանցիսկոյում գործող Open Garden ընկերությունը, որը ներկայացնում է FireChat հավելվածը, այսօր գործարկել է առանց ինտերնետի անձնական հաղորդագրությունների փոխանակման առաջին մեսենջերը:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Open Garden ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Անտոն Մերկուրովը:

Նրա խոսքով`մեսենջերի գործարկումը կարեւոր խնդիր է լուծում:

«Այսօր հաղորդագրությունների փոխանակման բոլոր հավելվածները պահանջում են միացում ինտերնետին: Երբ չկա ինտերներտ կամ մոբայլ ցանցի ծածկույթ, դրանք դադարում են աշխատել: FireChat-ը մշակել է սեփական տեխնոլոգիա, որի շնորհիվ հաղորդագրությունը փոխանցվում է սարքից սարք՝ մինչ այն հասնի հասցեատիրոջը; Օրինակ, եթե մեծ քաղաքում լիովին բացակայի ինտերնետ կապը, բավական է, որ FireChat-ը լինի բնակչության 5%-ի հեռախոսներում եւ ապահովի հաղորդագրության անցում ուղարկողից ստացողին՝ ամենաշատը 10 րոպեի ընթացքում»,- նշում է նա:

Ըստ Անտոն Մերկուրովի՝ FireChat-ը Հայաստանում շատ երկրպագուներ ունի:

«Ցանկացած տեխնոլոգիա եւ լավ գաղափար, որի վրա անձամբ աշխատում եմ, փորձում եմ ներդնել նաեւ Հայաստանում: Հույս ունեմ, որ այս նորարարական թարմացումները կավելացնեն մեր հավատարիմ երկրպագուների թիվը: Տեղացիների համար սա լավ շանս է առանց մոբայլ օպերատորներին վճարելու հաղորդագրություններ ուղարկելու առումով: Սա նաեւ պրոգրեսիվ տեխնոլոգիայի վաղ օգտագործման լավ հնարավորություն է»,- նկատում է Անտոն Մերկուրովը:

Մեսենջերի միջոցով ուղարկվող բոլոր անձնական հաղորդագրությունները կարող են կարդալ միայն ուղարկողը եւ ստացողը: