18:25 | 24.06.15 | Նորություններ | 3258

Ջրվեժում Ինժեներական քաղաք կկառուցվի

Ամերիկյան «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերությունը Երեւանի Ջրվեժ թաղամասում Ինժեներական քաղաք կկառուցի:

Համապատասխան ծրագիրը ներկայացվել է այսօր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստին:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ` Ինժեներական քաղաքի կառուցումը կնպաստի ՏՏ բնագավառի նորաստեղծ ընկերությունների քանակական ու որակական աճին:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ժամանակակից ենթակառուցվածքների հիմնում` ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման եւ տեղական ու միջազգային շուկայում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է Ինժեներական քաղաքի կառուցման գաղափարը եւ հանձնարարել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ծրագրի իրականացման մանրամասները: