17:17 | 24.06.15 | Նորություններ | 3541

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է կառուցվել Գեղարքունիքի մարզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում մասնակցել են Մելիքյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ թիմը ծեփամածիկով հարթեցրել է տան պատերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահով կացարան ունի: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույցը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

«Գյուղի զարգացմանն աջակցելը մեր ընկերության ուշադրության կենտրոնում է՝ հաշվի առնելով ուրբանիզացման բարձր տեմպերը: Հայաստանի համար գյուղական ենթակառուցվածքների զարգացումն էլ ավելի կարեւոր է՝ գյուղական շրջաններից արտագաղթը հնարավորինս նվազեցնելու տեսանկյունից: Հայրենյաց հողում արմատներ գցելու, գետնին ամուր կագնելու, ապագային լավատեսությամբ եւ հավատով նայելու համար հողի մշակը չպետք է ունենա տանիքի խնդիր: Ուրախ ենք այստեղ գտնվելու եւ Մելիքյանների երկար փափագած երազանքը համատեղ ուժերով իրականություն դարձնելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Չեմ կարող նկարագրել այն երջանկությունը, որն այժմ զգում եմ: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ում աջակցությամբ, այսքան տարիներ հետո, հնարավորություն կունենանք ապրելու կենցաղային բավարար պայմաններում»,- ասել է ընտանիքի մայրը՝ Լեյլա Առաքելյանը:

Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014թ.՝ 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: