10:57 | 11.06.15 | Նորություններ | 3959
ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ:
Նմանապես՝ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիա) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդներն այսուհետ կարճ հաղորդագրությունները կստանան կյուրեղատառ (ռուսատառ):
Սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կշարունակեն ստանալ իրենց կողմից նախկինում կատարված կարգավորումներից ելնելով՝ այսինքն այն լեզվով, որով մինչեւ այժմ այդ հաղորդագրությունները ստանում էին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ փորձարկման փուլում գտնվող նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ:
«Հայատառ կամ ռուսատառ կարճ հաղորդագրություններ ուղարկելու նախաձեռնության նպատակը տեղեկատվությունը նախընտրած լեզվով ստանալու՝ բաժանորդների ցանկությունը բավարարելն է: Այս որոշման հիմքում ընկած է ընկերության այն համոզմունքը, որ տեխնիկական հնարավորությունները պետք է առավելագույնս համապատասխանեցվեն բաժանորդի ցանկությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է եւս մեկ նորամուծություն: Ընկերության սպասարկման կենտրոններում մատուցված ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, կատարված գործարքի վերաբերյալ կստանան ծանուցում՝ կարճ հաղորդագրության տեսքով:
Սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ինչպես ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, այդպես էլ SMS-ծանուցումները կստանան լատինատառ, ռուսատառ կամ հայատառ՝ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից: Դրանք կարող են փոխվել՝ ըստ բաժանորդի ցանկության: