09:37 | 29.05.15 | Նորություններ | 3243

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Նոր անուններ» փառատոնի գլխավոր հովանավորն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանում մեկնարկած պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» միջազգային 5-րդ փառատոնի գլխավոր հովանավորն է:

«Նոր անուններ» փառատոնին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Ավստրալիայի եւ Վրաստանի մինչեւ 18 տարեկան չորս տասնյակից ավելի շնորհալի երաժիշտներ:

«Փառատոնի անունը` «Նոր անուններ», արդեն իսկ խոսուն է. արվեստի ցանկացած ճյուղի կենսունակությունը պայմանավորված է սերնդափոխության ապահովմամբ, նոր անունների բացահայտմամբ, քաջալերմամբ եւ աջակցմամբ: Դասական երաժշտության աշխարհում առաջին քայլերն անելն իր դժվարություններն ունի նույնիսկ ամենաօժտված պատանիների համար: Անհրաժեշտ է հարթակ, որտեղ նրանք կկարողանան աշխարհին ներկայացնել իրենց տաղանդը եւ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Այս փառատոնը հենց այդպիսի հարթակներից է. այստեղ տարբեր երկրների բազմաթիվ պատանի երաժիշտներ մեծ բեմ դուրս գալու, միմյանց հետ շփվելու, նոր փորձ ձեռք բերելու, մասնագիտական հմտությունները հղկելու հնարավորություն են ստանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրով է աջակցում այս հրաշալի նախաձեռնության իրականացմանը»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: