17:24 | 27.05.15 | Նորություններ | 4024
Orange Հիմնադրամն այսօր հայտարարել է իր երկրորդ՝ «Մեկ գյուղ» նախագծի մեկնարկը:
«Մեկ գյուղ» նախաձեռնությունն ուղղված է ընտրված մեկ գյուղական համայնքի տնտեսական գործունեության եւ սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը: Այս տարի նախագիծը կիրականացվի Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում:
Պառավաքարում իրականացվող «Մեկ գյուղ» նախագծի շրջանակում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, տրամադրվել են խաղողի այգիները մշակելու համար հատուկ նախատեսված ժամանակակից տրակտոր, ինչպես նաեւ ոռոգման, վարման, խաղողի տնկիներն էտելու եւ մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներ:
Ֆինանսական միջոցներ կհատկացվեն հավելյալ 25 հա հողատարածք ոռոգելու համար: Նախագծի նպատակն է այսպիսով էապես բարելավել համայնքի տնտեսական վիճակը, քանի որ գյուղում բնակվող ընտանիքների 95%-ը զբաղվում է խաղողագործությամբ:
«Մեկ գյուղ» նախագծի շրջանակում կվերանորոգվի գյուղի մանկապարտեզը, ինչպես նաեւ 4 տ տարողությամբ ջրային տարաների տեղադրման միջոցով կլուծվի մանկապարտեզի խմելու ջրի խնդիրը: Խմելու ջրի մատակարարումը կվերականգնվի նաեւ համայնքի դպրոցի սաների եւ գյուղի բնակիչների համար:
Ծրագրով նախատեսվում է նաեւ ֆուտբոլի խաղահրապարակի կառուցում: Ծրագրի շրջանակում ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ կուղղվեն Պառավաքարի, ինչպես նաեւ հարեւան Վարագավան եւ Վերին Ծաղկավան համայնքների բժշկական ամբուլատորիայի վերանորոգմանն ու սարքավորումներով հագեցմանը:
Ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կկազմի 52 մլն դրամ:
«Գյուղական համայնքերն ու դրանց առօրյա խնդիրները՝ հատկապես կայուն տնտեսական գործունեության բացակայությունն ու աշխատատեղերի սղությունը, մշտապես Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: «Մեկ գյուղ» նախաձեռնության միջոցով, որն առաջին անգամ իրականացրել ենք անցյալ տարի Հարթավանում, նպատակ ունենք զգալի եւ շոշափելի արդյունքների հասնել: Իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ սահմանից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող Պառավաքար համայնքը բավական խոցելի է, այդ իսկ պատճառով «Շեն» բարեգործական կազմակերպության եւ համայնքի գյուղապետարանի հետ միասին մենք մեծ հույսով ձեռնարկում ենք այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով էականորեն նպաստել գյուղի բնակիչների կյանքի պայմանների բարելավմանը»,- ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: