16:08 | 27.05.15 | Նորություններ | 1639
Հայտնի են մայիսի 25-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացած Գյումրիի եւ Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողները:
Մրցույթը, որին մասնակցել են 29 թիմեր եւ ընկերություններ, կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Ինչպես ՁԻՀ-ից տեղեկացրել են Itel.am-ին, Գյումրիի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել 6 թիմ: Դրանք են՝
- «Արատտա» - ինտելեկտուալ-ռազմավարական առցանց խաղ, որը խաղացողներին հնարավորություն է տալիս ինտելեկտուալ մակարդակում մրցել աշխարհի այլ կետերում գտնվող մարդկանց հետ` առանց լեզվական արգելքների հանդիպելու (հարցերը կարող են ստանալ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով): Խաղի միջոցով կարելի է նաեւ բարելավել գիտելիքների պաշարը եւ լեզվական հմտությունները:
- BooksPlus - սոցիալական ցանց է, որը համախմբում է գրքասեր հասարակությանը: Ներկայում շուկայում չկա այնպիսի սոցիալական ցանց, որտեղ ընթերցողները, գրքերի հեղինակներն ու հրատարակիչները կկարողանան հաղորդակցվել միմյանց
հետ: BooksPlus-ը տալիս է այդ հնարավորությունը՝ ապահովելով ընթերցող-հեղինակ հրատարակիչ կապը:
Յուրաքանչյուր օգտատեր կարող է բաժանորդագրվել հրատարակիչներին կամ հեղինակներին՝ ստանալով ծանուցում իր նախընտրած ժանրի գրքերի մասին: Օգտատերերը կարող են գիրք ձեռք բերել անմիջականորեն հրատարակչից: Ի դեպ, տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ եւս կկարողանան օգտվել ծրագրից:
- Localz - զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս ընտրել նախապես մշակված ուղեւորությաններից իրենց համար առավել նախընտրելին կամ պատվիրել անհատական էքսկուրսիա: Հնարավոր է էքսկուրսավարի ծառայություն առաջարկող տեղացիներից անմիջապես ստանալ գնային տեղեկություն, ինչպես նաեւ ծանոթանալ տեղացի էքսկուրսավարների վարկանիշներին եւ արձագանքներին՝ նախքան նրանց հետ աշխատելը:
- 4car - կայքն առաջարկում է խախտումների մասին ծանուցումների ստացում, ավտոմեքենայի առք ու վաճառքի հայտարարություններ, տեղեկատվություն ավտոտեխսպասարկման կենտրոնների ծառայությունների որակի եւ առաջարկների մասին:
- Renderforest - առցանց վիդեո ստեղծման հարթակ, որը օգտագործողին առաջարկում է ստեղծել կորպորատիվ եւ անձնական օգտագործման հոլովակներ, ներառյալ ընտանեկան սլայդ շոուներ, բացատրական բիզնես վիդեոներ, լոգոյի անիմացիաներ, հաղորդաշարերի բացման/փակման վիդեոներ, կինետիկ տիպոգրաֆիա եւ այլն:
- Հերթերի կառավարման առցանց համակարգ - ծառայում է սպասարկման որակի բարելավման նպատակով` հաճախորդների հոսքերի կառավարման, վերահսկման միջոցով: Շուկայում առկա ՀԿ համակարգերը ներկայացված են սարքավորումների եւ ծրագրային ապահովման միասնական լուծման տեսքով, ինչը հաճախորդների համար խոչնդոտ է հանդիսանում համակարգի ճկունության, գնի մատչելիության եւ շահագործումը սկսելու համար անհրաժեշտ երկար եւ ֆորմալ գործընթացի տեսանկյունից:
Իսկ Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթել է մեկ նախագիծ՝ EasyLunch-ը: Լանչերի առաքման ծառայությունն աշխատում է բաժանորդագրությունների մոդելի հիման վրա: Ծառայությունը համատեղում է սննդի առցանց պատվիրումը անկանխիկ առեւտրի հետ: EasyLunch-ի հիմնական թիրախը կորպորատիվ հատվածում լրիվ դրույքով աշխատող մարդիկ են: