10:47 | 04.05.15 | Հոդվածներ | exclusive 1927

Dotox. հայկական նոր խաղ՝ AppStore-ում

Հայ մասնագետները մշակել են Dotox խաղը, որն օրեր առաջ հայտնվել է AppStore-ում:

Խաղի գլխավոր խնդիրը վերջին օղակը ջնջելն է: Յուրաքանչուր քայլի ժամանակ խաղացողն իրավունք ունի ջնջել մեկից երեք օղակ, շարքով, որից հետո քայլն անցնում է հակառակորդին, այսինքն արհեստական բանականությանը: Այն նույնպես հնարավորություն ունի ջնջելու մեկից երեք օղակ: Նա, ով հանում է վերջին կետը կամ կետերը, հաղթում է:

Խաղը հնարավորություն է տալիս ավելի շատ կենտրոնանալ մտածողության վրա: Մարդիկ հաճախ վերադառնում են խաղին՝ կրկին փորձելով բարելավել սեփական արդյունքը եւ ռեկորդ սահմանել:

Խաղը մշակվել է երկու ամսում՝ Hitlabs ընկերության կողմից: Մտահաղացման հեղինակը դիզայներ Վաձ Ղազարյանն է, ծրագրավորողը՝ Դավիթ Գրիգորյանը:

Itel.am-ի հետ զրույցում Վաձ Ղազարյանը Dotox-ը բնութագրում է որպես խաղ՝ մտածող մարդկանց համար: Նրա խոսքով, կախված խաղի iOS տարբերակի հաջողությունից, կդիտարկեն նաեւ Andorid տարբերակի մշակման նպատակահարմանությունը: 

Dotox-ը ներկայում այլ ներդրողներ չունի:

«Երբ 2014թ. Մոսկվայում մասնակցեցինք DevGAMM կոնֆերանսին, որին ներկա էին ներդրողներ եւ «փաբլիշերներ»: Վերջիններս հրապարակում եւ տարածում են քո մշակած խաղը, եւ ստացածդ եկամտի 50%-ն իրենց վերցնում: Դա ընդունված պրակտիկա է, եւ փոքր ընկերությունները հաճախ են դիմում այդ քայլին: Սակայն «փաբլիշերների» շրջանում պահանջարկ են վայելում հատկապես այն խաղերը, որոնք խաղալիս երկար մտածել չեն պարտադրում: Բացի այդ, հրատարակիչները շատ անգամ թելադրում են, թե ինչպիսին պետք է լինի քո խաղը, ինչ մոնետիզացիոն քաղաքականություն որդեգրի: Արդյունքում շատ հաճախ ստացվում է, որ դա դառնում է ոչ թե քո հեղինակային խաղը, այլ պատվերով խաղ, ինչը որոշակիորեն հակասում է մեր թիմի գաղափարախոսությանը»,- նշում է Վաձ Ղազարյանը:

Խոսելով մոբայլ գեյմինգի հայաստանյան շուկայի մասին՝ Վաձ Ղազարյանն ընդգծում է մարդկային ռեսուրսների պակասը՝ նշելով, որ իրենք փորձում են ավելի քիչ ռեսուրս պահանջող եւ հետաքրքիր խաղեր պատրաստել:

«Հայաստանում շատերը չեն սիրում իրենց վրա աշխատել, քանի որ կարծում են, որ բավարար գիտելիք ունեն՝ ինչ-որ բան անելու համար: Մոբայլ գեյմինգի շուկան աշխարհում շատ արագ է զարգանում, եւ պետք է հասցնես դրա հետեւից, ունենաս համապատասխան գիտելիք, այն անընդհատ թարմացնես, եւ կարողանաս թիմով աշխատել»,- ասում է նա:

Վաձ Ղազարյանի խոսքով՝ թեեւ Հայաստանը հեռու է աշխարհի այն հիմնական կենտրոններից, որտեղ հնարավոր է սեփական պրոդուկտը ավելի հեշտ առաջ մղել, սակայն այստեղ էլ նկատվում են դրական տեղաշարժեր: Որպես հաջողված օրինակ, նա բերում է Shadowmatic խաղի օրինակը: 

Dotox-ի ներբեռնումն արժե $0.99:

Նարինե Դանեղյան