10:32 | 23.04.15 | Հոդվածներ | exclusive 3441

5 հավելված՝ Genocide-ի մասին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համացանցում ավելացել են թեմային առնչվող մոբայլ հավելվածները: Itel.am-ը առանձնացրել է ապրիլին թողարկված այդպիսի 5 հավելված:

Armenian Genocide հավելվածը հասանելի է App Store-ում: Այն ինտերակտիվ քարտեզների, ժամանակացույցի, վերապրածների վկայությունների, արխիվային նյութերի միջոցով տեղեկացնում է Հայոց ցեղասպանության մասին: Հավելվածում կարելի է գտնել ինտերակտիվ 4 քարտեզ: Առկա են նաեւ 1915թ. իրադարձությունների ժամանակացույցը, պատմական մեջբերումներ, վերապրածների վկայություններ եւ այլն: Ի դեպ, կա նաեւ մեկնաբանություններ անելու եւ քարտեզի վրա ինքներդ ձեզ նշելու հնարավորություն:

«Փյունիկ» հավելվածը հասանելի է Google Play-ում:

Այն գործարկելու համար անհրաժեշտ է հեռախոսի էկրանին մատով կտտացնելով նվագել «Զարթնիր լաո» երգը: Ռիթմը ճիշտ նվագելու դեպքում կբացվի համապատասխան տեսահոլովակը:

Requiem հավելվածը հասանելի է Google Play-ում:

Այն նախատեսված է այս տարվա ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին եւ ժամը 21:00-ին, համահայկական ֆլեշ-մոբ իրականացնելու համար: Բոլոր այն սմարթֆոններում, որոնցում առկա է հավելվածը, նախանշված ժամերին կվառվի հավերժական կրակը եւ կսկսի հնչել «Դլե յաման» երգը՝ հիշատակելով Հայոց ցեղասպանության զոհերին:

«Հիշել» հավելվածը նախատեսված է iOS եւ Android համակարգերով աշխատող սարքերի համար: Ունի նաեւ վեբ տարբերակ:

Հավելվածը ներբեռնելուց հետո վերջինս ավտոմատ գեներացնում է քարտեզի վրա ձեր աշխարհագրական դիրքը՝ նշելով, որ դուք ընդունում եք Ցեղասպանության իրողությունը: Օգատերերն ունեն նաեւ մեկնաբանություններ գրելու հնարավորություն:
Հավելվածը գործարկվել է այս ամիս եւ ներկայում շուրջ 300 ներբեռնում ունի:

«Անմոռուկ» հավելվածը հասանելի է Google Play-ում: Տեսախցիկ հավելվածը (Camera app) հնարավորություն է տալիս անմոռուկի նշան ավելացնել լուսանկարների վրա:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Itel.am-ն անդրադարձել էր նաեւ ArmGenocide1915 կայքին, որը հնարավորություն է տալիս տեսահոլովակի միջոցով մարտահրավեր ուղարկել սոցցանցերի ձեր ընկերներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին բարձրացնելով Մեծ եղեռնի մասին իրազեկվածության մակարդակը: Նախագծին մեր անդրադարձը՝ այստեղ:

Նարինե Դանեղյան