10:45 | 22.04.15 | Հոդվածներ | exclusive 5594
Տարեսկզբին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամը կազմակերպել էր «ՄԻԿ աքսելերացիա» ծրագիրը, որին մասնակցում էր տեղական 7 ստարտափ:
2015թ. ապրիլին կկայանա «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի «Դեմո օրը» (Demo Day), որի ընթացքում թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները հայ եւ արտասահմանցի ներդրողներին ու ձեռներեցներին:
«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը հաջորդաբար ներկայացնում են 7 ստարտափների զարգացման պատմությունը:
Flaxton-ը ամպային համակարգ է (cloud SaaS): Այն տրամադրում է մեկ ընդհանուր հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռնվում կառուցել եւ ղեկավարել հավելվածի ենթակառուցվածքը, ինչպես նաեւ վերահսկել հավելվածի աշխատանքը՝ օգտագործելով ամպային (cloud) տարբեր մատակարարների ծառայությունները:
Flaxton-ը մշակել են Տիգրան Բայբուրցյանը, Վահե Սարգսյանը եւ Վարդ Պապիկյանը:
«Մենք համալսարանական ընկերներ ենք, միասին սովորել ենք Երեւանի պետական համալսարանում։ Ես ուՎահեն միասին այլ ծրագրերի շրջանակում աշխատել ենք։ Աքսելերացիայի ծրագրի ժամանակ մեզ միացավ Վարդը, եւ փորձեցինք ստեղծել ենթակառուցվածքների պահպանման եւ մոնիտորինգի համար հեշտ օգտագործելի մի գործիք»,- Itel.am-ի հետ զրույցում պատմում է Տիգրան Բայբուրցյանը։
Հաշվի առնելով այն, որ հայկական շուկան շատ սահմանափակ է, Flaxton-ի թիրախային շուկան այլ երկրներում գործող ձեռնարկություններն են:
«Flaxton-ն ունի իր յուրահատկությունները, ինչն էլ շուկայում այն յուրօրինակ է դարձնում։ Ամպային համակարգի մշակումը կատարվել է այնպես, որ ցանկացած մարդ, որը չի փայլում իր տեխնիկական հմտություններով, կարողանա օգտագործել այն»,- նշում է Վարդ Պապիկյանը։
«ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի շնորհիվ ստարտափը կարողացել է կապեր հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ։ Բազմաթիվ մենթորներ օգնել են թիմին՝ կիսվելով իրենց փորձով:
Նշենք, որ Flaxton-ը հաղթող է ճանաչվել մարտի 23-24-ը կայացած Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթում: Ստացած $20 հազ. դրամաշնորհը օգտագործվելու է ծրագրի մշակման եւ այն արտասահմանում ներկայացնելու համար։