12:45 | 13.04.15 | Նորություններ | 3546

Կոտայքի մարզում մեկնարկել է «Լույս հայի աչքերին» ծրագիրը

Կոտայքի մարզում մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ «Orange Հիմնադրամ»-ի 2015թ. ծրագիրը, որի շրջանակում 3000 մեծահասակներ եւ 1500 երեխաներ անցել են անվճար ակնային զննումներ։

Մարտի 30-ից ապրիլի 4-ը Աչքի շարժական հիվանդանոցում անվճար բուժօգնություն են ստացել Եղվարդի բնակիչները:

Աչքի շարժական հիվանդանոցը ներկայում Աբովյան քաղաքում է եւ այստեղ կմնա միչեւ ապրիլի 18-ը, հաջորդ կայանը կլինի Հրազդան քաղաքը՝ ապրիլի 20-ից մայիսի 8-ը։

Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Աչքի շարժական հիվանդանոց են այցելել Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները:

«Մեր գործըկերների հետ համատեղ «Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացնում ենք արդեն 5-րդ տարին անընդմեջ: Թեեւ այս ընթացքում ավելի քան 67 հազ. մարդ հասցրել է օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններից՝ ցավոք, դեռեւս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն տեսողական խնդիրներ եւ այս ծրագիրը շարունակելու կարիք կա, ինչը պատրաստվում ենք իրականացնել»,- ասել է «Orange Հիմնադրամ»-ի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Սա Աչքի շարժական հիվանդանոցի թվով 2-րդ ացն է Կոտայքի մարզ «Orange Հիմնադրամ»-ի հետ համագործակցության շրջանակում, որի ընթացքում պլանավորվում է իրականացնել 450 խորացված հետազոտություն, 250 լազերային միջամտություն կամ վիրահատություն, ինչպես նաեւ կտրամադրվեն 100 ակնոցներ մեծահասակներին եւ 170 երեխաներին։ Աչքի շարժական հիվանդանոցի հաջորդ կայանը կլինի Լոռու մարզը»,- ասել է ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Աչքի շարժական հիվանդանոցը նախորդ անգամ Կոտայքի մարզ էր այցելել 2013թ.:

ՀԱՆ-ը «Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացնում է 2003-ից։ «Orange Հիմնադրամ»-ի հետ միասին ծրագիրն անցկացվում է 2011-ից:

Ծրագիրը գործել է Հայաստանի 9 մարզերում, որոնցից Կոտայքի եւ Լոռու մարզում այս տարի կիրականցվի կրկնակի այցելություն, իսկ Շիրակի եւ Արագածոտնի մարզ Աչքի շարժական հիվանդանոցը կայցելի երրորդ անգամ: