Նարեկ Սաֆարյանը
16:13 | 02.04.15 | Հոդվածներ | exclusive 23477
Renderforest-ը տեսանյութերի առցանց պատրաստման հայկական հարթակ է, որտեղ առավելագույնը 10 րոպեում պարզեցված կարգով կարելի է ստեղծել սլայդ շոուներ, բացատրական հոլովակներ, պրոմո տեսանյութեր, բիզնես անիմացիոն վիդեոներ եւ այլն:
Հարթակը ստեղծվել է Wildek Entertainment հայկական ընկերության կողմից: 2014թ. դեկտեմբերին թողարկվել է Beta տարբերակը: Հիմնադիրը Նարեկ Սաֆարյանն է: Հարթակի ստեղծման տեխնիկական մասն ապահովել է Dinamica Testing Center ընկերությունը:
«Հարթակի ստեղծման գաղափարն առաջացել է 2013թ.: Այդ ժամանակ դեռ միայն անիմացիոն վիդեոների արտադրությամբ էինք զբաղվում: Հիմնականում աշխատում էինք ստարտափների հետ, ու փորձը ցույց տվեց, որ նրանցից շատերը չունեն բավական միջոցներ՝ կորպորատիվ անիմացիոն հոլովակներ պատվիրելու համար: Նրանք ստիպված էին կաղապարներ (template) վաճառող կայքերից գնել դրանք եւ վարձատրել մասնագետի, որը դրանցից բիզնես վիդեոներ կպատրաստեր: Եթե ստարտափների բյուջեն չէր բավականացնում մասնագետին դիմելու համար, նրանք կարող էին փորձել ինքնուրույն խմբագրել կաղապարները, ինչը թանկարժեք, բարդ եւ ժամանակատար գործընթաց էր: Շուկայում չկար «Ոսկե միջինը», որը ընկած կլիներ այս երկու սեգմենտների միջեւ: Այդ պատճառով որոշեցինք ստեղծել Renderforest-ը»,- Itel.am-ի հետ զրույցում պատմում է Նարեկ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ կորպորատիվ անիմացիոն վիդեոները տարածվել են վերջին մի քանի տարիների ընթացքում, քանի որ ներկայիս բիզնես միջավայրում հաճախորդներին գրավելու լավագույն միջոցը դարձել է վիդեոն:
Կայքի հիմնադիրը պատմում է, որ հարթակը մարտ ամսվա դրությամբ աջակցել է ավելի քան 100 ստարտափների՝ նրանց հնարավորություն տալով ստեղծել կորպորատիվ վիդեոներ: Պահանջարկի ավելացմամբ պայմանավորված՝ ոչ կոմերցիոն օգտատերերի համար բաժին է ստեղծվել: Այս բաժնում են սլայդ շոու տեսակի վիդեոները, որտեղ օգտատերերը վերբեռնում են իրենց լուսանկարները եւ ստանում թեմատիկ հոլովակներ, ինչպիսիք են ճամփորդական, հարսանեկան, ծննդյան, մանկական եւ այլն:
Renderforest-ում մշակվել է մարկետինգային ռազմավարություն, ըստ որի՝ կայքի օգտագործումը եւ տեսանյութերով կիսվելը մշտապես կլինի անվճար: Ծառայությունը վճարովի է դառնում միայն այն դեպքում, երբ օգտատերը ցանկանում է տեսանյութը բեռնել HD որակով:
Կարելի է ընտրություն կատարել բազմաթիվ կաղապարների միջեւ: Խմբագրման գործընթացը տեւում է միջինում 10 րոպե: Կայքում այս պահին կարելի է մինչեւ 3 րոպե տեւողությամբ վիդեոներ պատրաստել:
«Ներկայացված կաղապարների մեծ մասը հենց մենք ենք ստեղծել: Կայքում կա «Պատկերասրահ» բաժինը, որտեղ ցուցադրված են օգտատերերի ստեղծած լավագույն HD վիդեոները: Դա կօգնի, որպեսզի այլ օգտատերեր հասկանան, թե արդեն պատրաստի վիդեոների օրինակով որ կաղապարն է իրեն ավելի հոգեհարազատ: Կա նաեւ համապատասխան երաժշտություն ընտրելու, ինչպես նաեւ սեփական երաժշտությունը (խոսքը) վերբեռնելու հնարավորություն: Օգտագործողին մնում է պատրաստի կաղապարի վրա խմբագրել տեքստը, ավելացնել լուսանկարները եւ ձայնը»,- նշում է նա:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա դրանք ամբողջությամբ կատարվել են հիմնադիրների կողմից: Առաջիկա նպատակներից է յուրաքանչյուր ամիս կրկնապատկել կայքի այցելությունների քանակը:
Անդրադառնալով մրցակիցներին՝ Նարեկ Սաֆարյանն ընդգծում է, որ վերջիններս հիմնականում Powerpoint-ի հիմքի վրա վիդեոների ստեղծման միջավայր են առաջարկում. օգտատերն ինքն է վերցնում կաղապարը եւ հավաքում այն 2D միջավայրում: Renderforest-ը փորձում է ներառել 2D եւ 3D միջավայրերը՝ թույլ տալով գրավիչ եւ հետաքրքիր վիդեոներ ստեղծել ավելի կարճ ժամանակում:
Renderforest-ի օգտագործողների 60%-ն ԱՄՆ-ից են: Դրան հաջորդում են Արեւմտյան Եվրոպայի երկրները: Կայքն այս պահին ունի շուրջ 3500 գրանցված օգտատեր եւ 10 հազար պատրաստված վիդեո:
Նարինե Դանեղյան