10:20 | 31.03.15 | Հոդվածներ | exclusive 5544

Movie Trip. Որտե՞ղ են ձեր սիրելի ֆիլմերի սիրելի վայրերը

Հայ մասնագետների ստեղծած Movie Trip կայքը ճանապարհորդներին եւ կինոյի սիրահարներին հնարավորություն է տալիս գտնել տեղեկատվություն հայտնի ֆիլմերում ներկայացված վայրերի մասին:    

Տեղեկատվությունը ներառում է վայրի հասցեն, քարտեզը, ֆիլմից կադրեր, մեջբերումներ, տեսարանի նկարագրություն:

Movie Trip-ի հիմնադիրներն են Մհեր Սարգսյանը, Արտավազդ Եղիազարյանը եւ Աշոտ Գասպարյանը: Արտ-տնօրենը Սարգիս Անտոնյանն է:

«Ներկայում կայքում տեղադրված է ֆիլմերի հետ առնչվող շուրջ 300 վայրի մասին տեղեկատվություն: Տվյալների հենքն այս պահին ստեղծվում է մեր թիմի կողմից, սակայն հետագայում նման հնարավորություն կունենան բոլոր օգտագործողները»,-Itel.am-ի հետ զրույցում պատմում է Արտավազդ Եղիազարյանը:

Նա նշում է, որ կայքի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ հասկացել է, որ մարդկանց, այդ թվում՝ իրեն, հետաքրքիր է այցելել այն վայրերը, որոնց մասին հիշատակվում է սիրելի ֆիլմերում:

«Մարդիկ սիրում են այցելել ֆիլմերի հետ ասոցացվող վայրեր: Դրանք կարծես կամուրջ լինեն իրական եւ հնարովի աշխարհների միջեւ: Հետեւաբար, մարդկանց պետք է հուշել, թե ինչպես կարելի է գտնել այն վայրերը, որտեղ նկարահանվել են նրանց սիրելի ֆիլմերը: Օրինակ, վիճակագրության համաձայն, 1 մլն-ից ավելի մարդ այցելել է Շոտլանդիայում գտնվող Ռոսլինի մատուռը՝ «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի՝ էկրան բարձրանալուց հետո»,- նշում է Արտավազդ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ եթե ֆիլմը նկարահանվել է տաղավարում, սակայն իրական վայրի հետ է կապված, ապա կայքում նշվում է իրական վայրի հասցեն:

Կայքի համահիմնադիրը տեղեկացնում է, որ հարթակում շուտով հնարավոր կլինի գտնել տեղեկատվություն նաեւ այն վայրերի մասին, որոնք ասոցացվում են հայկական ֆիլմերի հետ:

Բացի այդ, մոտ ապագայում ծրագրվում է մոբայլ հավելված մշակել: Android-ի բետա տարբերակը կներկայացվի մոտ երեք ամսից:

Նշենք, որ Movie Trip-ը հաղթող է ճանաչվել մարտի 23-24-ը կայացած Գյումրիի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում:

Նարինե Դանեղյան