Երեւանում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, մարտի 29-ին 6 թիմ մասնակցել է UltraLight Startup հաքաթոնին (խաղերի եւ մոբայլ հավելվածների ստեղծման մրցույթ):
Հաքաթոնի կազմակերպիչը լիբանանյան AltCity-ն է, որը Բեյրութի գլխավոր ստարտափ կենտրոններից է: Մյուս կազմակերպիչը Fondation Alliance Armenienne հիմնադրամն է:
8 ժամվա ընթացքում տեղական ստարտափ թիմերն աշխատել են իրենց խաղերի եւ հավելվածների մշակման վրա՝ խորհրդատվություն ստանալով ոլորտի առաջատարներից: Այնուհետ նրանք ժյուրիին եւ հասարակությանն են ներկայացրել իրենց աշխատանքը:
UltraLight Startup հաքաթոնի շրջանակում գլխավոր մրցանակին է արժանացել Ancient Gods of Traffic թիմը՝ իր Travee հավելվածով: Թիմը մրցանակներ է ստացել Մայքրոսոֆթ ընկերության եւ հաքաթոնի կազմակերպիչների կողմից:
Երկրորդ մրցանակը ստացել է Cyclop Studio-ն՝ Pacman հայտնի խաղը 3D տարբերակով ներկայացնելու համար:
Լավագույն եռյակում է ընդգրկվել նաեւ Late Bloomers-ը՝ հարսանիքի պլանավորումը հեշտացնող Game Over խաղ-հավելվածով:
Երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնված թիմերը եւս արժանացել են մրցանակների:
«Հույս ունեմ, որ սա ավելի մեծ առաքելության մաս է, որը մենք բերում ենք Հայաստան: Այդ առաքելությունը նպատակ ունի խթանել թվային ձեռներցությունը եւ աջակցել հայ երիտասարդներին՝ ապագայի ղեկը վերցնել իրենց ձեռքը»,- ասել է AltCity-ի համահիմնադիր եւ ֆինանսական տնօրեն Սամեր Ազարը:
«Հայ երիտասարդների ներուժը դեռ նոր պետք է բացահայտվի: Այս հաքաթոնը սկզիբն է գործողությունների այն շղթայի, որ մեր հիմնադրամն իրականացնելու է՝ նպաստելու Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ուղեղի ներհոսքին եւ երկրի տնտեսական հզորության վերականգմանը»,- ասել է Fondation Alliance Armenienne հիմնադրամի խորհրդի անդամ Լորան Դելիֆերը:
Հաքաթոնի աջակիցներ են Start-It-Up կենտրոնը, Մայքրոսոֆթ Հայաստանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Ginosi Apartments, Al Rifai ընկերությունները, Saryan/Tumanyan ստարտափ ինկուբատորը, TechTension եւ App.am հարթակները:
Հիշեցնենք, որ Itel.am-ը օրեր առաջ բացառիկ զրույց էր ունեցել Սամեր Ազարի հետ: