12:25 | 18.03.15 | Նորություններ | 2701

Facebook-ը սեփական վճարային համակարգ է ստեղծում

Facebook-ը հայտարարել է սեփական վճարային համակարգի ստեղծման մասին, որը թույլ կտա Messenger հավելվածի միջոցով գումարային փոխանցումներ կատարել:

Այս մասին ասված է սոցցանցի տարածած հայտարարությունում:

«Այսօր մենք նոր գործառույթ ենք ավելացնում Messenger-ում, որը հնարավորություն է ընձեռում ավելի հարմար եւ անվտանգ ձեւով գումարային փոխանցումներ կատարել ծանոթներին եւ ստանալ նրանցից: Այս ծառայությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին ԱՄՆ-ի տարածքում»,- ասված է հաղորդագրությունում:

Facebook-ում ընդգծել են, որ Messenger-ի միջոցով գումարային փոխանցումներն անվճար են լինելու: 

Փոխանցումները կարելի է կատարել ինչպես անհատական համակարգիչներից, այնպես էլ պլանշետներից, սմարթֆոններից եւ մոբայլ այլ սարքավորումներից, որոնք աշխատում են iOS-ով կամ Android-ով:

Փոխանցումները կատարվելու են հաճախորդների կողմից նշված պլաստիկ բանկային քարտերի միջոցով եւ «տեղ են հասնելու» 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշվում է, որ գումարային փոխանցումների կատարումը լինելու է այնքան հեշտ, որքան տեքստային հաղորդագրություններ ուղարկելն է:

Լուրեր են շրջանառվում, որ սոցցանցի համար այս համակարգը մշակել է PayPal-ի նախկին բարձրաստիճան աշխատակից Դեւիդ Մարկուսը, որն ամիսներ առաջ աշխատանքի է անցել Facebook-ում: